Home / Հայաստան / Վրաստանում քննարկում են Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակները

Վրաստանում քննարկում են Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակները

Վրացական մամուլում և սոցիալական ցանցերում կորոնավիրուսային վարակի համատեքստում ամենաքննարկելի թեմաներից մեկը կարելի է ասել Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված դեպքերի վիճակագրությունը:

Հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել», վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային, գրում է AliqMedia-ն։

Հայաստանին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան. «Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»:

«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին․ «Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարրների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի՛ կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»:

Հարցին անդրադարձել են նաև վրացի ակտիվիստները, հասարակական գործիչները:

Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրել է. «Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»:

Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»:

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին:

gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:

«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»: