Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է վարակվածության 596 նոր դեպք, 45 հոգի ապաքինվել է, 8 հոգի՝ մահացել․ 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ «այլ պատճառներով», հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից 3 513-ը` առողջացած, 252-ը՝ մահվան ելքով․ 183-ի հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 69 հոգի, ըստ նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Փաստացի բուժվում է 8 052 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 65 161 է (1702 թեստ՝ վերջին մեկ օրում):
418 հոգի՝ ծանր, 81 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում է, երեկ երեկոյան պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը [Նույն օրվա առավոտյան տվյալներով՝ ծայրահեղ ծանր վիճակում էին 59, ծանր՝ 391 հոգի, 15 հոգի միացված էր թոքերի օդափոխության սարքերին]։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Կառավարությունն այժմ մի քանի սցենարներ է քննարկում, այդ թվում՝ արգելափակումներին անցնելու սցենարը։ Քննարկվում են նաև տնտեսական հնարավոր հետևանքները․ «Այս համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ, այսինքն` հիմա մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի․․․ Ամեն դեպքում մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում, և, այո, այդ սցենարներից մեկով որոշում կկայացվի», – ասել էր վարչապետը։