Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, ինչի մասին վարչապետը նամակով տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև», – Փաշինյանի նամակն է մեջբերում կառավարության լրատվական ծառայությունը։
Ըստ վարչապետի՝ Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է. «Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը հաստատել էր իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:
Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որն ավանդապես անցկացվում էր մայիսի 9-ին, կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված չեղարկվել էր և տեղափոխվել հունիսի 24։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին շնորհավորել էր վարչապետ Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու հրավիրել մասնակցելու շքերթին։ Նույն օրը Փաշինյանը հայտնել էր կորոնավիրուսով վարակված լինելու, իսկ մեկ շաբաթ անց՝ ապաքինվելու մասին։