Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը և Գարեն Աթաջանյանը այսօր դատապարտվեցին 12 տարի ազատազրկման։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, Հենրիկ Ավագյանին մեղավոր է ճանաչել ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանին՝ ՔՕ 235-րդ և ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի և սպանության փորձին օժանդակելու մեջ:
Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվել է պատիժը կրելուց, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել է։ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, և թեև կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային և նույնիսկ դիմապակուն, ուղևորներից որևէ մեկը չէր, որևէ լուրջ վնասվածք Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնականը չէին ստացել:
Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, եւ մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին (2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի և վիրավորում ստացած Արտակ Բուդաղյանի կրտսեր եղբայրն է) եւ Վիտալի Մինասյանին։ Վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ բեմադրություն՝ կազմակերպված հենց նախկին մարզպետի կողմից:
Դատական նիստերից մեկի ընթացքում ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը նույնպես հայտարարել էր, որ մահափորձը բեմադրվել է Սուրիկ Խաչատրյանի կողմից, ինչին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն էր արել նաեւ Գորիսի նախկին ոստիկանապետը․ վերջինս նշել էր, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ մահափորձի նմանակումը կազմակերպվել է հենց մարզպետի կողմից: Նախաքննությանը, սակայն, այդ տեղեկությունները հաստատող տվյալներ ձեռք բերել չէր հաջողվել:
Նշենք, որ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, չորս տարի տևած դատաքննությանը երբևիցե չի ներկայացել և չի հարցաքննվել:
Մեղադրյալներից մեկը՝ Գարեն Աթաջանյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել դեպքից մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականին:
Մյուսը՝ Հենրիկ Ավագյանը կալանավորված է 2015 թվականից, պահվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելը): 235 հոդվածով քր․ հետապնդումը նրա նկատմամբ վերջերս դադարեցվել էր՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2019 թվականի նոյեմբերի 20-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիզորությունները չարաշահելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով՝ առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։