Իրավապաշտպան Գեորգի Վանյանը սկսել է անանուն սպառնալիքներ ստանալ, ինչին արձագանքել է՝ ոստիկանապետին և դատախազին դիմումով․
– Այսօր Իջևանի ոստիկանության ներկայացուցիչները պահանջ դրեցին որպեսզի նոյեմբերի 6-ին վարչապետին հասցեագրված բաց նամակս հեռացնեմ FB սոցիալական ցանցից: Քանի որ ՀՀ օրենսդրության որևէ խախտում չեմ տեսնում իմ հրապարակման մեջ, հրաժարվեցի այն հեռացնել: Խնդրեցի՝ հիմնավորեն և ինձ գրավոր ներկայացնեն իրենց պահանջը:
Որոշ ժամանակ անց սկսվեց իմ և մերձավորներիս նկատմամբ հաշվեհարդարի՝ սպառնալիքների տարափի գործընթացը: Չեմ բացառում այդ սպառնալիքների և ոստիկանության փոխգործակցությունը, քանի որ նախկինում իմ նկատմամբ տեղ գտած քաղաքական հետապնդումներն ուղեկցվել են իշխանության մարմինների և հանցավոր խմբերի համագործակցությամբ: Հույս ունենալով, որ 2018 թվականից հետո այդ պրակտիկան այլևս չի գործում, պահանջում եմ գործարկել ՀՀ օրենսդրությամբ՝ նման դեպքերի համար նախատեսված պահանջները :
Գեորգի Վանյան
գյուղ Ներքին Ծաղկավան, Տավուշի մարզ
7 նոյեմբեր, 2020
Նույն օրը ավելի վաղ իրավապաշտպանը ֆեյսբուքի էջում գրել էր․
– Վարչապետը պատասխանեց.
Հենց նոր Իջևանի բաժնի ոստիկաններն այցելեցին ինձ՝ պարտադրելու, որպեսզի ՖԲ սոցիալական կայքից հեռացնեմ վարչապետ Փաշինյանին հասցեագրված բաց նամակս պատերազմը դադարեցնելու և հարևան հանրապետության հետ ուղիղ բանակցություններ սկսելու մասին:
Նաև առաջարկեցին ստորագրել ինչ որ աստղաբաշխական գումարով տուգանքի ակտ՝ հայտնելով, որ եթե չհեռացնեմ բաց նամակս՝ լրացուցիչ կտուգանեն կրկնապատիկ չափով: Հրաժարվեցի ստորագրել տուգանքի ակտը, հեռացնել հրապարակումս ու ոստիկանության ներկայացուցիչներից պահանջեցի գրավոր ներկայացնել իշխանության պահանջը: Իմ տվյալ հրապարակման մեջ ՀՀ օրենսդրության որևէ խախտում չեմ տեսնում:
Հ.Գ. Տարիներ շարունակ գրեթե բոլոր լրատվամիջոցներով, հանրային և մյուս հեռուստատեսություններով, սոցիալական կայքերով՝ երբ կոչեր են արվում ինձ գնդակահարելու, ֆիզիկապես ոչնչացնելու մասին, երբ ինձ իմ բնակության վայրից վտարելու վերջնագրով խմբակային հարձակումներ են կազմակերպվում իմ վրա հենց իմ տանը, երբ գնդակահարում են շանս – ոստիկանությունն ու դատախազությունը չեն արձագանքում: Այս դեպքում, երբ իշխանություները վարչապետի գլխավորությամբ միազգային հանրությունով մեկ պահանջում են պատերազմի դադարեցումն ու բանակցությունների վերսկսումը և ես նրանց հուշում եմ ուղին և առաջարկում իմ ծառայությունը, նամակիցս ժամ անց՝ օպերատիվ կերպով արձագանքում է… ոստիկանությունը: