Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների թիվը մի քանի հարյուր է:
Առավոտյան ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կոնկրետ թիվ վարչապետը չի նշել:
Հույս կա, որ դեռևս անհետ կորած համարվող զինվորների մի մասը ողջ կգտնվի․ «Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ։ Եթե ոչ առողջ, ապա գոնե ողջ: Երեկ, օրինակ, ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է գերիներին, նրանց փոխանակումը, ըստ Փաշինյանի, տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո միայն: Կարմիր խաչի միջնորդությամբ և ռուսական խաղաղպահ զորքերի օժանդակությամբ արդեն երրորդ օրն է՝ հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակում են իրենց վերահսկողության գոտում մնացած զոհվածների մարմինները։ Որքան կտևեն որոնողական և փոխանակման աշխատանքները՝ չի նշվում։
Վարչապետը խոսել է նաև պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած զինծառայողներին սոցիակական աջակցություն տրամադրելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ կառավարությունն այս ուղղությամբ կոնկրետ քայկեր և միջոցներ է ձեռնարկում։