Ադրբեջանն ընդունում է հայկական կողմից թվով 62 քաղաքացու գերեվարված լինելու փաստը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպումից հետո։
Ադրբեջանի կողմից փաստի հաստատումը, ինչպես նշում է պատգավորը, կարևոր հանգամանք է 62 գերեվարված մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։
Գերեվարվածների անվանական ցուցակը ևս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։
Հանդիպման ժամանակ հաստատվել է, որ գերեվարված մարդիկ գտնվում են Բաքվում։
«Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն ու պայմանները», – եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Արցախի ՊԲ-ն հայտնել էր Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում 73 մարդու անհետացման մասին, իսկ դեկտեմբերի 17-ին նույն հատվածից հայկական կողմին էր փոխանցվել 9 հայ զինծառայողի մարմին։