Հայաստանից անհետացած ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց վերադարձել է, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու՝ գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։
Մանուլը տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Արևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա, Հարավ-Արևմտյան Չինաստան։
Մանուլը ունի տնային կատվի չափ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։