Home / Տեսանյութեր / Խորվաթիայում երկրաշարժն անբնակելի է դարձրել քսան հազարանոց քաղաքը

Խորվաթիայում երկրաշարժն անբնակելի է դարձրել քսան հազարանոց քաղաքը

Դեկտեմբերի 29-ին կենտրոնական Խորվաթիայում տեղի ունեցած 6․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Զոհերի թվում կա նաև 12-ամյա երեխա։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 20 000 բնակչություն ունեցող Պետրինյա քաղաքից մոտ 3 կիլոմետր հեռու։ Ըստ քաղաքապետ Դարինկո Դումբովիչի՝ քաղաքը կիսով չափ ավերվել է։

«Մենք մարդկանց դուրս ենք հանում մեքենաներից, չինանալով՝ վիրավոր են, թե մահացած«։, – նշել է Դումբովիչը , հավելելով, որ կա համընդհանուր խուճապի մթնոլորտ, և մարդիկ փնտրում են իրենց սիրելիներին։

Պետրինյայի քաղաքապետը պատասխանում էր լրագրողների հարցերին, երբ քաղաքին հարվածեց մի նոր՝ ավելի թեթև հետցնցում։

https://twitter.com/i/status/1343915432340844545

Երկրաշարժը հարևան Գլինա և Զազինա քաղաքներում ևս զոհերի և ավերածությունների է հանգեցրել, այն զգացվել է նաև Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, սահմանակից Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, մինչև անգամ Իտալիայում։

Երկրի վարչապետ Անդրիյ Պլենկովիչը իր Պետրինյա կատարած այցելության ժամանակ նշել է, որ անվտանգությունից ելնելով ստիպված են լինելու որոշ մարդկանց տեղափոխել քաղաքից։

«Պարզ ու հստակ է, որ Պետրինյան այլևս պիտանի չէ մարդկանց բնակեցման համար»,- հավելել է երկրի վարչապետը։