Կառավարությունն այսօրվա նիստին ընդունել է թվայնացման ռազմավարության նախագիծը, որն, ի թիվս այլի, վերաբերում է պետական և ՏԻՄ-երի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների թվայնացմանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ գյուղական համայնքներում բարձրորակ ինտերնետի հասանելիությունը նախատեսվում է 40-ից հասցնել 80%-ի:
«ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ինդեքսով պատրաստվում ենք 67-րդ տեղից հայտնվել առաջատար 25 երկրների ցանկում», – նշել է նախարարը։
Նախատեսվում է թվայնացնել պետական և ՏԻՄ-երի կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ: Մասնավորապես 150 լիցենզիաներ և թույլտվություններ հնարավոր կլինեն ստանալ առցանց: Մինչև 2025 թվականը կառավարությունը նախատեսում է բացառել պետական և ՏԻՄ մարմիններ այցելելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե դրանք առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է քաղաքացիներին արդեն իսկ գործող թվային ծառայությունների վերաբերյալ իրազեկելու կարևորությունը, նշելով, որ երկրում արդեն իսկ կան թվային ծառայություններ բանկային և այլ ոլորտներում, սակայն դրանցից օգտվողների թիվը շատ չէ։