Ֆրանսիայում ուսանողներն անվճար միջադիրներ և դաշտանի հետ կապված այլ պարագաներ կստանան, հայտնել է Duetsche Welle-ն։
Երկրի Բարձրագույն կրթության նախարար Ֆրեդերիկ Վիդալը նշել է, որ այս որոշման նպատակը «դաշտանային աղքատությանը» վերջ դնելն է։ Վերջերս կատարված հարցման արդյունքները վկայում են, որ Ֆրանսիայում ուսանող կանանց մեկ երրորդը բավականաչափ գումար չունի դաշտանի հետ կապված առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու։
Հարցված 6500 հոգուց շուրջ 13%-ը հայտնել է, որ անցյալում ստիպված է եղել ընտրել միջադիրներ և, օրինակ՝ ուտելիք գնելու միջև։ Որոշման կողմնակիցները պնդում են, որ սանիտարական ապրանքների բացակայության պատճառով շատ կանայք դասի չեն գնում դաշտանի օրերին, ինչն էլ ի վերջո խանգարում է նրանց լիարժեք կրթությանն ու հետագայում բացասաբար ազդում աշխատանքի ընդունման հնարավորությունների վրա։
Սա հաշվի առնելով՝ նախարարությունը որոշել է միջադիրների և դաշտանային այլ ապրանքների դիսպենսերներ տեղադրել երկրի շուրջ 30 ուսանողական հանրակացարաններում։ Հարյուրավոր այլ կրթական հաստատություններում դրանք ևս շուտով կտեղադրվեն։
Ֆրանսիայից առաջ համանման որոշումներ էին կայացրել Նոր Զելանդիան և Շոտլանդիան։ Շոտլանդական խորհրդարանն անցյալ տարի օրենք էր ընդունել հանրային բոլոր կառույցներում անվճար միջադիրներ տրամադրելու մասին։ Այս ամսվա սկզբին էլ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ հունիսից սկսած երկրով մեկ հիգիենայի անվճար պարագաներ կբաժանվեն։ Այս որոշումը պետությանը կարժենա մոտ 18 միլիոն ԱՄՆ (կամ 25 միլիոն նորզելանդական) դոլար։