Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի», թվիթրեի իր էջում գրել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի», —հավելել է արցախցի պաշտոնյան։
Կարգավիճակի հարցին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։
Զինադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ Այվազյանի, ուրվագծում է այդ պահին առկա իրավիճակը՝ գիտակցումով, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցը դեռևս լուծված չէ։
«Այդ կարգավորման հիմքում, առաջին հերթին, պետք է դրված լինի Արցախի կարգավիճակի սահմանումը։ Ղարաբաղյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով», – РИА-новости ռուսական պետական գործակալության հետ զրույցում նշել է Այվազյանը։
Արտգործնախարարն ընդգծել է՝ Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ:
«Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի», — ասել է Այվազյան։