Home / Հայաստան / «Հանրությունը պատանդ է մնացել երկու բևեռների միջև»․ ՔՈ կուսակցությունը՝ Մաշտոցի պուրակում

«Հանրությունը պատանդ է մնացել երկու բևեռների միջև»․ ՔՈ կուսակցությունը՝ Մաշտոցի պուրակում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր երեկոյան Մաշտոցի պուրակում հավաք էր նախաձեռնել՝ քննարկելու համար պատերազմից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամն ու ելքի ուղիները։

11

Հրավեր-տեքստի մեջ նշվում էր՝ լուծումների բացակայությունը և արտահերթ ընտրությունների շուրջ անորոշ ձևակերպումները փոշիացնում են սահմանադրական ճանապարհով ճգնաժամը արագ հաղթահարելու հույսերը:

1

«Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պայմաններում։ Հանրությունը ցույց տվեց, որ նույնքան անընդունելի են 17 ուժերի առաջարկած լուծումները։ Հանրությունը պատանդ է մնացել այս երկու բևեռների առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև»։

3

Կուսակցությունը տեղեկացնում էր՝ սկսում է գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած ուժերը բերելվելու են բանակցության սեղանի շուրջ։

5

Եթե նրանք շատ կարճ ժամկետներում այս օրակարգին ընդառաջ գալու ողջախոհություն չցուցաբերեն՝ «ՔՈ»-ն խոստանում է «համախմբել այս օրակարգի շուրջ համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշմամբ մեկուսացնել առճակատման ձգտող ուժերին՝ որպես Հայաստանի լավագույն ապագայի ճանապարհին կանգնած խոչընդոտներ»։

13

Այս «երկու բևեռների մոտեցումները» չկիսող, բայց «համերաշխության ու ինքնիշխանության օրակարգերը» կիսող քաղաքացիներին կուսակցությունը կոչ էր անում գալ Մաշտոցի պուրակ՝ հանրային քննարկման։

12

«Կան իրենց երկու բևեռ հռչակած կողմեր, որոնք առճակատման մեջ են գտվում։ Մենք նրանց ներկայացրել ենք լուծման տարբերակներ, որոնց իրենք չեն համաձայնել։ Իրենք առաջարկել են լուծման տարբերակներ, որոնց որևէ մեկը չի համաձայնել։ Նրանցից որևէ մեկը չի ունեցել հանրային այնպիսի աջակցություն, որ կարողանա պարտադրել լուծման իր տարբերակը։ Հետևաբար՝ կա փակուղի», – հավաքի մեկնարկին հայտարարեց «ՔՈ»-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։

4

«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կա քաղաքացիների լայն շրջանակ, որը ինչ-որ այլ՝ այս երկու բևեռներից դուրս բան է պատկերացնում Հայաստանի համար, այլ լուծում է տեսնում։ Այդ մարդկանց ձայնը այսօր չի հնչում»։

10

«Արդյո՞ք հնարավոր է – ես համոզված եմ, որ հնարավոր է – հասնել այդ մարդկանց, նրանց հետ ընդհանուր օրակարգ դուրս բերել և բարձրացնել ալիք, որը քաղաքական առճակատվող բևեռներին, մի կողմից, զերծ կպահի բռնություն կիրառելուց, մյուս կողմից՝ կբերի մի լուծման, որն այդ մարդկանց շահերն ու պահանջները և Հայաստանի ապագայի օրակարգը կսպասարկի»։

15

«Այս հանդիպումը համարենք մեկնարկային կետ», – ամփոփելով՝ նշեց Նահապետյանը։

9

Կուսակցությունն առաջնորդող Սուրեն Սահակյանը հավելեց՝ հավաքը այդքան էլ կուսակցական չէ։

8

«Խնդիրը քաղաքացուն քաղաքական գործընթացներին վերադարձնելն է։ [Ոչ թե] քաղաքացուն, որը սրա-նրա միտինգներին այո-ոչ է գոռում և դրանով սահմանափակում իր մասնակցությունը, այլ թելադրում է իր օրակարգը, ընդունում որոշումներ և այդ որոշումները պարտադրում քաղաքական կուսակցություններին, այդ թվում՝ մեզ»։

2

Ո՞նց ենք իրագործելու այդ ծրագիրը, հարցրեց Սահակյանը․ «Վստահ եմ՝ այս հավաքի մասին ասելու են՝ մի 5 հազար հոգի, դե, չկար, ուրեմն՝ հնարավոր չէ իրականացնել այն, ինչ խոսացվում է։ Բայց մենք գործելու ենք նախորդ քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների տրամաբանության մեջ։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ 100-200 հոգով։ Պրոցեսի վերջում մենք ունենալու ենք բավարար բանակցային ուժ, ռեսուրս, որ խնդիրը լուծելի լինի»։

6

Ո՞նց է դա արվելու։ «ՔՈ»-ի առաջնորդը նրանց, ովքեր չեն հասկացել, թե ոնց է դա տեղի ունենում, «չեն հասկացել 2018-ի տրամաբանությունը», առաջարկեց այսօր հարուցպատասխանի միջոցով դա պարզաբանել։

7

Հարցեր չեղան։

14

Մասնակիցներից մի քանիսը ելույթ ունեցան․ հիմնական մտահոգությունը հստակ օրակարգի կամ առաջարկների բացակայությունն էր։

16

Նախաձեռնողները նշեցին, որ այժմ աշխատում են հայեցակարգային տեքստի վրա, և այդ գործընթացին կարող են միանալ նաև ներկաները։ Տեքստի հրապարակումից հետո կլինեն այլ հանդիպումներ, որոնց ընթացքում հնարավոր կլինի շտկել կամ վերջնականացնել օրակարգը։ Հավաքն ավարտվեց։

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի