Վարչապետի աշխատակազմը Նախագահի աշխատակազմից ստացել է առարկությունները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի վերաբերյալ և անհիմն է համարում դրանք։
Այս մասին հայտարարել է աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են», – գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում», – հայտարարել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը։
Նախկին պաշտոնյաների գլխավորած քայլերթն «Մեր անունն է հայկական բանակ» երթի ներքո հասել է Բաղրամյան։ Բաղրամյանում՝ Ազգային ժողովի դիմաց, նոր բեմ է կառուցվել, որից դաշնակցական Գեղամ Մանուկյանն այժմ վանկարկում է «Ազգ-բանակ-հաղթանակ»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ գործող Սահմանադրության, նախագահը պաշտոնից ազատման հրամանագրի դեպքում առարկություններ հայտնելու որևէ հիմք չունի, քանի որ սա օրենսդրական նախագիծ չէ, որը կարող է հակասել կամ չհակասել Սահմանադրությանը։