Նախագահ Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանի նախագիծը։
Նախագահի աշխատակազմը հայտարություն է տարածել․
— 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:
Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:
Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:
Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:
Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:
Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:
Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:
Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ պետը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ պահանջել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետը սա «ռազմական հեղաշրջում» էր որակել՝ նշելով, որ զինվորականների քաղաքական հայտարարությունը հաջորդել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնանկությանը և ԳՇ պետի պաշտոնանկության մասին որոշմանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ, ըստ գործող Սահմանադրության, նախագահը պաշտոնից ազատման հրամանագրի դեպքում առարկություններ հայտնելու որևէ հիմք չունի, քանի որ սա օրենսդրական նախագիծ չէ, որը կարող է հակասել կամ չհակասել Սահմանադրությանը։