Ի՞նչ իրավական ընթացակարգով նախագահ Արմեն Սարգսյանը կարող է մերժել, վիճարկել կամ ետ ուղարկել գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի միջնորդությունը։ Առհասարակ՝ կարող է արդյո՞ք նախագահն այն մերժել։ Ի՞նչ է տեղի է ունենալու, եթե որոշումն, ամեն դեպքում, մերժվի։ Epress.am-ի հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Հայաստանի ներկայիս Սահմանադրության համաձայն, «որի կնքահայրը Սերժ Սարգսյանն է, իրականացնողը՝ Հրայր Թովմասյանը», երկրի նախագահը կարող է հրամանագրեր և կարգադրություններ արձակել և իրավասություն ունի դրանց վերաբերյալ իր առարկությունները եռօրյա ժամկետում ներկայացնել աառաջարկությունը ներկայացրած մարմնին, ասում է Սաքունցը։ Եթե այդ մարմինը չի ընդունում նախագահի առարկությունը, ապա նախագահը կա՛մ ստորագրում է ակտը, կա՛մ դիմում Սահմանադրական Դատարան։
Նախագահի առարկությունները, ըստ իրավապաշտպանի, կարող են վերաբերել, օրինակ, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական նախագծերի սահմանադրականությանը կամ հակասահմանադրականությանը։ Տվյալ դեպքում, երբ խոսքը պաշտոնատար անձի աշխատանքից ազատման մասին է, նախագահը բովանդակային տեսանկյունից առարկելու որևէ հիմք չունի․
«Անձի նշանակումը սահմանադրական կամ հակասահմանադրական լինել չի կարող»։
Այդ առումով, ըստ Սաքունցի, ակնհայտ է, որ հանրապետության նախագահի կողմից վարչապետի առաջարկությունը պաշտոնում նշանակելու հարցում ունի ընդամենը օրենքի ուժով կատարելու պարտավորություն՝ առանց բովանդակության մեջ խորանալու և որոշելու, թե դա որքանով է հարմար, որքանով՝ ոչ։
«Այդ խրթին մեխանիզմը մտածվել է Սերժ Սարգսյանի և իր հպատակների կողմից, որոնք, ենթադրում եմ, Սահմանադրության այդ տեքստը գրել են այն կանխավարկածով, որ Սերժ Սարգսյանը մշտապես լինելու է վարչապետ, իշխանության գլուխ, և, բնականաբար, միանձնյա որոշելու է, իսկ հանրապետության նախագահը ենթարկվելու է իրեն։ Ժամանակին, հիշում եք, հենց Սերժ Սարգսյանն էր առաջարկել Արմեն Սարգսյանին՝ հանրապետության նախագահի պաշտոնում, և նա համաձայնել էր։ Այդ մոտեցումը քանի որ խարխլվել է, հիմա Արմեն Սարգսյանը՝ որպես հանրապետության նախագահ, ինքը չնշանակելով կամ չընդունելով վարչապետի առաջարկը, ակնհայտ քաղաքական կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում։ Մասնակից է դառնում կուսակցությունների միջև հարաբերությունների, ինչն ամենևին չի համապատասխանում Սահմանադրության այն դրույթին, որ ես հիմա կընթերցեմ․
«Հայաստանի Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով և իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում»։ Ընդ որում, նա պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը։
Սահմանադրությունը հետևյալն է․ վարչապետն առաջարկում է՝ նախագահն ընդամենը հրաման է արձակում։ Վերջ։
Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ԶՈՒ զինվորական բարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, որին՝ վարչապետի առաջարկությամբ, նշանակում է նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետում։
«155-րդ հոդվածի տրամաբանությամբ՝ ոչ պատերազմական իրավիճակում շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, պատերազմականում՝ վարչապետին։ Նախագահը հիմա՝ ոչ պատերազմական իրավիճակում, պաշտպանության նախարարին ենթարկվող շտաբի պետի նշանակմանը դեմ լինելու համար պիտի ինչ-որ լիազորություն ունենա, կամ միջամտի, թե այդ անձը ՊՆ-ին հարմար է, թե ոչ։ Պատերազմական իրավիճակում քանի որ ԳՇ պետը ենթարկվում է վարչապետին, ուրեմն ենթադրվում է՝ պետք է միջամտի գլխավոր շտաբի՝ վարչապետին ենթակայության հարցերին։ Նորից եմ կրկնում՝ Սահմանադրության մնացած հոդվածներով՝ նրա լիազորության մեջ նման հարցեր չեն մտնում։ Ընդամենը պետք է անհատական իրավական ակտը տարբերել նորմատիվ իրավական ակտերից, օրենքներից և այլն, որոնք կարգավորում են ընդհանուր հարցեր, բայց ոչ պաշտոնատար անձի նշանակման հարցեր։
Այսինքն, տվյալ դեպքում նախագահի հրամանագիրը վերաբերում է վարչապետի կողմից պաշտոնատար անձի նշանակմանը։ Բովանդակային տեսակետից ի՞նչ առարկություն կարող է ունենալ հանրապետության նախագահը պաշտոնատար անձի նշանակման կամ ազատման վերաբերյալ վարչապետի առաջարկը մերժելու համար։ Չկա նման բան։ Նախագահը ընդհանրապես սահմանադրությամբ բովանդակային տեսակետից նման առարկություն ներկայացնելու պարտավորություն չունի»։
Հիշեցնենք, որ Նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը սովորական կադրային նշանակում չէ, որ ոչ ոք չի կարող իր վրա ճնշում գործադրել և որ ինքը երեք օր ժամանակ ունի՝ որոշումը ստորագրելու կամ ետ ուղարկելու համար։ Մինչ բոլորը սպասում են նախագահի որոշմանը (կստորագրի՞, թե՞ չի ստորագրի), նա խորհրդակցություններ է անում քաղաքական ուժերի, գլխավոր շտաբի ներկայացուցիչների և Օնիկ Գասպարյանի հետ։ Թեև նախագահի աշխատակազմը հերքել է՝ մամուլում շարունակաբար տեղեկություններ են շրջանառվում, թե նախագահը մտադիր է ետ վերադարձնել որոշումը։
Ի պատասխան Epress.am-ի հարցին, թե ստեղծված ճգնաժամային իրավիճակում արտահերթ ընտրությունների ռիսկայնությունը որքանո՞վ է գերագնահատված, իրավապաշտպանը նկատել է, որ ընտրությունները Հայաստանում երբեք էլ հարթ չեն ընթացել։
Սաքունցը, սակայն, պնդում է, որ պետական կառույցները, որոնք պետք է ապահովեն ընտրախախտումների կանխումը, ունեն բավականաչափ ռեսուրսներ դրա համար։
Իրավապաշտպանը կարծում է, որ Ազգային Ժողովին չի հաջողվել դառնալ հանրության շրջանում տարածված հարցերի քննարկման հարթակը։
«Այսինքն, Ազգային ժողովը չի կատարում քաղաքական մարմնի իր դերը, և այդ առումով, իհարկե, պետք է արտահերթ ընտրություններ լինեն։ Եթե արտահերթ ընտրությունների միջոցով չվերականգնենք ազգային ժողովի դերը, ինչքան ուշացնենք, այդ մթնոլորտը գնալով լարվելու է։ Իսկ ովքեր փորձում են խախտումներ անել, սպառնում են և այլն, իսկ մենք գիտենք դրանք ովքեր են, նրանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Չի կարելի նման քրեական երևույթները ընդունել որպես քաղաքական գործընթաց։ Սա միանշանակ է», – եզրափակել է Սաքունցը։