Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն Բորիս Ավագյանն այսօր Երևանում ասուլիս է տվել, այնուհետև՝ մասնակցել գերիների վերաբերյալ խորհրդարանում կազմակերպված քննարկմանը, որից անմիջապես հետո ազատվել է պաշտոնից։
«Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ՆԳՆ և ԱԻՊԾ դիրքորոշումը, այլև չեն համապատասխանում իրականությանը», – ասված է Ղարաբաղի ՆԳՆ ԱԻՊԾ հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ավագյանը, ի թիվս այլի, ասուլիսի ընթացքում հերքել էր տեղեկությունները, թե ադրբեջանցիները կարող են գալ Ստեփանակերտ ու առևտուր անել, և հայտարարել․ «Եթե նման բան լինի, ես անձամբ նրանց կգերեվարեմ: Նման դեպք չի կարող լինել, քանի որ լավ իմանալով արցախցիներին՝ իրենք «կգերեվարեն», ես էլ չեմ հասցնի։ Նրանք չեն կարող թույլ տալ, որ ադրբեջանցին շրջի Ստեփանակերտում»։
Իսկ անկախ պատգամավորների կողմից կողմից կազմակերպված քննարկմանը նա գերիների վերադարձի ձգձգման համար, ըստ էության, մեղադրել էր իշխանական պատգամավորներին։
Ավագյանը հայտարարել էր, թե ինքը զբաղվում է պատերազմից հետո գերեվարված շիրակցի պահեստազորայինների վերադարձով։ Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան էլ իրոնիայով ասել էր, թե տեղյակ չէ՝ հայաստանյան կողմից ով է դրանով զբաղվում և ով է վարում բանակցությունները։
Բորիս Ավագյանը՝ Ղարաբաղի ՆԳՆ ԱԻՊԾ փոխտնօրեն նշանակվելուց առաջ, կամավորական հիմունքով Արցախի նախագահի ներկայացուցիչն էր, ավելի վաղ՝ Արթիկի քաղաքապետի տեղակալը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա Ռուսաստանում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի և գնտվում է հետախուզվման մեջ։