Մայիսի 30-ի երեկոյան Վանաձորի բաժնի ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Հասանյանին․ խոշտանգումները, ըստ իրավապաշտպանների, սկսվել են դեռևս բերման ենթարկելու ժամանակ և շարունակվել արդեն բաժանմունքում։ Ծեծված երիտասարդին հետագայում մեղադրանք է առաջադրվել «բնակարանային գողությանն օժանդակելու» հոդվածով, դատարանը արտոնել է նրա կալանավորումը՝ հիմնվելով միայն երեք ոստիկանների ցուցմունքների վրա։ Ենթադրաբար՝ այն նույն ոստիկանների, որոնք ամբողջ գիշեր զբաղված էին «մեղադրյալի» խոշտանգմամբ։
Սամվել Հասանյանի պաշտպանը՝ «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանը պատմում է, որ իր պաշտպանյալը հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 23։00-ի սահմաններում։
Բռնությունները սկսվել են արդեն բերման ենթարկելու ժամանակ։
«Բազմաթիվ անձինք, մի մասը՝ ոստիկանական համազգեստով, մի մասը՝ քաղաքացիական հագուստով, բաժնի ներսում շարունակել են խոշտանգումները։ Նրան հասցվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխի, որովայնի, թևերի շրջանում․․․ ականջները, աչքերը․․․ Մի խոսքով՝ վնասվածքները շատ են», – ասում է փաստաբանը։
Խոշտանգման դեպքի առթիվ առ այսօր քննություն չկա։
Դեպքից մեկ օր անց քննիչը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանության կազմած փաստաթղթերում նշվում է, թե Սամվել Հասանյանը [տասնյակ կետային, հարվածային] վնասվածքները ստացել է մեքենայից իջեցվելուց՝ մեքենայի դռների սուր մասերին դիպչելիս, նաև՝ ասֆալտին ընկնելու հետևանքով։
Արձանագրությունը ձևակերպվել է քրեական հետախուզության օպերատիվ բաժնի աշխատակիցների ցուցմունքների հիման վրա, որոնք բերման են ենթարկել երիտասարդին։ Դատաբժշկական փորձաքննությունն չի իրականացվել։
Սամվել Հասանյանը երկու անգամ ներկայացել է քաղաքացիական բուժհաստատություն՝ զննության։ Առաջին բուժզննումից հետո պարզվել է, որ կարիք ունի նաև ԿՏ-ի անցկացման։ Հետազոտությունը, սակայն, այդպես էլ չի կատարվել։
«Կա՛մ նա պետք է վճարեր այդ հետազոտության համար, որ պարզեին՝ գլխուղեղին հասցված վնասվածքների հետևանքները (ուղեղի ցնցում և այլն), կա՛մ այն չէր արվելու, քանի որ նախաքննություն իրականացնող մարմինը համապատասխան գրություն չէր ուղարկել։ Քանի որ ինքը չէր կարող վճարել հետազոտության համար, հետազոտությունը չի կատարվել», – ասում է Պապիկյանը։
Խոշտանգման փաստերով քննիչը, դատախազը և ոստիկանները, ըստ փաստաբանի, ամենևին հետաքրքրված չէին, փոխարենը՝ լծված էին նրան հնարավորինս արագ ձերբակալելու և կալանավորելու գործին։
«[Հունիսի 2-ի] գիշերը նրանք ստացան այդ արդյունքը՝ «շնորհիվ» նաև Լոռու մարզի դատարանի դատավորի, ով արտոնեց Սամվել Հասանյանին կալանավորումը»։
Փաստաբանը քրեական գործը բացահայտ շինծու է որակում։ Ասում է՝ կալանավորման որոշումը հիմվել է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա։
«Նրա քրեական գործում այս պահին մենք ունենք երեք տվյալ՝ ոստիկանների տված ցուցմունքներ։ Ենթադրաբար այն նույն ոստիկանների, որոնք բռնություն են գործադրել։ Նրանց ցուցմունքներով կալանավորվեց»։
Սամվել Հասանյանը մեղադրվում է բնակարանային գողություն կատարելուն օժանդակելու մեջ։ Թեև հանցագործության մասին հաղորդումն օրեր առաջ է ներկայացվել Գլխավոր դատախազություն, խոշտանգման դեպքի առթիվ առ այսօր քննություն չկա։