Օրերս Կինո Մոսկվայի մոտ սպանություն կատարած մարդը 23-ամյա Ալեքսանդր Բուզմարևն է, հաղորդում է Ոստիկանությունը։ Բուզմարևն, ըստ իրավապահների, օտարերկրյա քաղաքացի է։ Ոստիկանությունն այս անգամ հաղորդագրության մեջ նշում է նաև սպանվածի անունը՝ Հովհաննես Վարդանյան։
Հաղորդման համաձայն՝ սպանության թիրախը եղել է ոչ թե Հովհաննեսը, այլ «իր հետ եղած տղամարդը»։ Պարզվել է նաև, որ 50-ամյա Հովհաննեսին սպանելուց հետո Բումզարևը տաքսիով հասել է Հալաբյան փողոց, այնտեղից էլ՝ հագուստից ու զենքից ազատվելուց հետո՝ գնացել էր Թալին՝ նոր հագուստ գնելու։ Բուզմարևին տեղափոխած տաքսիստները նշել են, որ երիտասարդն ուներ սլավոնական արտաքին և ռուսախոս էր։ Հալաբյան փողոցի վրա գտնվող աղբանոցներից մեկից հայտնաբերվել է նրա մարզահագուստն ու սպանության գործիքը՝ «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով։ Աշխատանքներ են տարվում 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, կրակոցների հետևանքով տղամարդ է սպանվել։ «Հայկական ժամանակը» գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ սպանվածը Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է՝ Հովոն: Ըստ նույն աղբյուրի, մահափորձի թիրախը Ռաֆայել Մարդոյանն է եղել, որը մնում էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում: ՀԺ-ի պնդմամբ՝ Մարդոյանին դեպքից հետո տարել էին ոստիկանություն։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաստատել էր որ սպանվածը Գավառի բնակիչ է, ծնված՝ 1971 թվականին։
Լրագրող Գոհար Վեզիրյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա Մարդոյանի նկատմամբ արդեն հինգերորդ մահափորձն է։