Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 275 է։
Առձագանքելով նախկին նախագահներից մեկի հայտարարությանը, այս մասին երեկ ուշ երեկոյան հաղորդել էր Քննչական կոմիտեն։
Ըստ Կոմիտեի, հունիսի 16-ին մամուլում անհետ կորած զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են նրանց ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ անհետ կորածների թվաքանակը․ հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց քանակը 275-ն է։
«Հազարից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ։ Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր են հայտնաբերվել և նրանք անհետ կորածների ցուցակից անցել են զոհվածների ցուցակ», – պարզաբանել է վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր, թե «իր հեռախոսում մի փաստաթուղթ» ունի, ըստ որի Զինվորների ապահովագրության հիմնադրամը ապրիլ ամսին զեկուցում է Կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է, իսկ «այդ չմարդը, այդ ստահակը» [ենթադրաբար, նկատի ունի վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին], ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարել էր, թե անհետ կորածների թիվը 321 է։
Հիմնադրամը, ինչպես բացատրել է վարչապետի պաշտոնակատարի օգնականը, հրապարակում է «այն թիվը, ում հիմնադրամից աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ մեր զինծառայողներն անհետ կորած են եղել»։
«Մի պահ կգա, որ գուցե անհետ կորած չենք ունենա, բայց այդ թիվը կմնա 1000-ից ավելի, քանի որ այդքան մարդ ստացել է ամսական աջակցություն։ Դա չի նշանակում, որ այս պահին էլ ունենք այդքան անհետ կորած»։
Առավոտյան անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին Կառավարության մոտ․ նիստից հետո նրանց ընդունեց վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումը դռնփակ էր։