Home / Շուկա / Բայդենն ու Պուտինը խոսեցին «նույն լեզվով»

Բայդենն ու Պուտինը խոսեցին «նույն լեզվով»

Երեկ Ժնևյան գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երկու նախագահները զրուցել են շուրջ երեք ժամ։ Հանդիպման ամենամեծ ձեռքբերումը թերևս կարելի է համարել երկու երկրների դեսպանների վերադարձը միմյանց մայրաքաղաքներ։ Դեսպանները, հիշեցնենք, փոխադարձաբար հետ էին կանչվել մարտին, երբ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրեց 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։

Քննարկումնեըը ծավալվել են մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ կիբերանվտանգության, Նավալնու, ինչպես նաև միջուկային կառավարման շուրջ։

Կիբերանվտանգության մասով՝ Պուտինը հերքել է Բայդենի մեղադրանքները՝ պնդելով, որ Ռուսաստանի նկատմամբ իրականացված կիբերհարձակումների մեծ մասի հետագիծը տանում է Ամերիկա։

Բայդենն էլ պնդել է, որ ամերիկյան կարևոր, օրինակ՝ էներգետիկ կամ ջրային ենթակառուցվածքները պիտի «անհասանելի» լինեն հաքերային և այլ հարձակումների համար։

Նավալնու հետ կապված մեծ առաջխաղացում չկա։ Բայդենը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի ընդդիմության առաջնորդը բանտում մահանա, դա Մոսկվայի համար կունենա «կործանարար հետևանքներ»։

Պուտինն էլ ասել է, որ Նավալնին անտեսել էր օրենքը և գիտեր, որ Ռուսաստան վերադառնալու դեպքում բանտարկվելու է։ Ռուսաստանի առաջնորդը՝ անդրադառնալով ցույցեր անցկացնելու իրավունքին, հայտարարել է, որ իրենք չէին ուզում «անկարգություններ տեսնել իրենց տարածքում»՝ ինչպես Կապիտոլիումի հարձակումն ու Black Lives Matter-ի ցույցերը։

Բայդենն էլ Պուտինի այս խոսքերը «զավեշտալի» է համարել՝ նշելով, որ «մարդու իրավունքները միշտ կլինեն [քննարկումների] սեղանին»։

Երկու կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել միջուկային զարգացումների վերաբերյալ․

«Երկու երկրները կիսում են ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու և զինված հակամարտությունների ու միջուկային պատերազմի սպառնալիքի ռիսկը նվազեցնելու նպատակներ», – ասված է հայտարարության մեջ։

Բայդենը վստահ է Ռուսաստանի՝ ԱՄՆ֊ի հետ համագործակցելու պատրաստակամության մեջ։

«Չինաստանը ճզմում է [Ռուսաստանին]։ Նրանք հուսահատորեն ցանկանում են մնալ հզոր տերություն»։,- ասել է ԱՄՆ առաջնորդը՝ Ժնևը լքելուց անմիջապես առաջ։

Չնայած երկու կողմերն էլ հանդիպումից առաջ ընդունել էին որ երկրների հարաբերությունները վատագույն վիճակում են, Մոսկվայում և Վաշինգտոնում ապրող առաջնորդները «կառուցողական» են գնահատել այս հանդիպումը։

«Հանդիպման ընդհանուր տոնը լավն էր, դրական․․․Մեծ հաշվով՝ ես նախագահ Պուտինին ասացի, որ մենք որոշ հիմնական «ճանապարհային» կանոններ պիտի ունենանք, որոնց հետ բոլորս կարող ենք հաշվի նստել», – նշել է Բայդենը

Պուտինն էլ համանման ձևով է պատասխանել։

«Նա (Բայդենը – խմբ․) հավասարակշռված և պրոֆեսիանալ մարդ է, և ակնհայտ է, որ շատ փորձառու։ Կարծում եմ՝ մենք նույն լեզվով էինք խոսում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։