Նախօրեին Բաքվի դատարանում մեկնարկել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։
44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ պահեստազորայիններին մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 5 տարբեր հոդվածներով («ահաբեկչություն», «պետական սահմանը ապօրինի հատելը» և այլն)։ Ադրբեջանի զինդատախազությունը պնդում է, թե զինվորականները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի վերջին, «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը» և «գրավել Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր», «մասնակցել զինված հարձակումների»։
Հայկական կողմի պնդմամբ՝ պահեստազորայինները (ավելի քան 60 հոգի, որոնցից մի մասը վերադարձվել է Հայաստան) իրականում գերեվարվել են այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։
Վկայակոչելով պատերազմի ավարտն ազադարարած եռակողմ հայտարարության 8-րդ կետը (կողմերը պարտավորվում են վերադարձնել բոլոր գերիներին և մյուս պահվող անձանց) և պայմանավորվածությունը, ըստ որի՝ գերիների փոխանակումը պետք է իրականացվեր «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Երևանը պնդում է, որ պատերազմից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները պետք է վերադարձվեն հայրենիք։ Ադրբեջանը, սակայն, նրանց ռազմագերի չի ճանաչում՝ պարբերաբար շեշտելով, որ եռակողմ համաձայնագրի դրույթները չեն տարածվում ռազմագործողությունների ավարտին հաջորդած իրադարձությունների վրա։ Խծաբերդի ուղղությամբ գերեվարված ավելի քան 60 պահեստազորայիններից մոտ 10-ը (ստույգ թիվ չի նշվում), ամեն դեպքում, վերադարձվել են Հայաստան։ Մյուսների վերադարձի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Խծաբերդի ուղղությամբ գերեվարված պահեստազորայիններից բացի՝ Բաքում քրեական հետապնդում է սկսել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, և պատերազմի ավարտից հետո Շուշիից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ։ Վերջինս հունիսի 14-ին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։