Եվրամիությունը 9-ից 10 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժածներին և 1․6 միլիարդից մինչև 2․6 միլիարդ եվրոյի դրամաշնորհ՝ Հայաստանի տնտեսական զարգացման և հետհամավարակային ճգնաժամը հաղթահարելու համար։
«Մենք ցանկանում ենք ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների, եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով տարածաշրջանը կարող ենք շատ արագ և շատ մոտ բերել Եվրոպական Միությանը։ ․․․Հայաստանի համար մենք առաջարկում ենք 5 առաջնահերթ հատուկ ծրագիր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր և միջին բիզնեսին։ Այս առաջնահերթ հատուկ ծրագրերի համար 1,6 մլրդ եվրո ենք հատկացնում և այլ աղբյուրներով մոբիլիզացնում հավելյալ 1 մլրդ եվրո․․․ ամբողջը միասին՝ այս ծրագրով կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար», – Երևանում տեղի ունեցած ասուլիսին ասել է Եվրահանձնաժողովի հանձնակատար Օլիվեր Վարհեին։
Վարհեին Հայաստանում հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիրգորյանին։
Ծրագիրը, որի մասին խոսում է Վարհեին, տարածաշրջանային է․ խոշոր ներդրումներ են լինելու նաև Վրաստանում և Ադրբեջանում։ Մինչև Հայաստան գալը հանձնակատարը պաշտոնական այցով մեկնել էր նաև Թբիլիսի և Բաքու։
«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունն այս հարցում: Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետհակամարտային շրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է Վարհեին՝ ողջունելով ականապատ տարածքների քարտեզների և գերիների վերջին փոխանակումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Եվրամիությունը ողջունում է այս փոխանակումը: Մենք նաև պատրաստ ենք օգնել՝ և՛ ֆինանսական, և՛ այլ ձևերով, որպեսզի այդ քայլերը շարունակվեն: Այսպիսով, Եվրամիության ջանքերը թափանցիկ են և հասանելի երկու կողմերին՝ օգնելու նրանց առաջ շարժվել և վերակառուցել տարածաշրջանը», – ասել է պաշտոնյան։