Home / Առողջապահություն / Դատարանների տիպային համաձայնությամբ մարդկանց հարկադրում են «բուժման»․ ՄԻՊ

Դատարանների տիպային համաձայնությամբ մարդկանց հարկադրում են «բուժման»․ ՄԻՊ

Մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները կրում են տիպային, մակերեսային բնույթ, կայացվում են առանց բավարար հիմնավորումների:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր:

«Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացվում միաբնույթ միջնորդությունները տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների», – գրում է ՄԻՊ գրասենյակի։

Տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ, ըստ Օմբուդսմենի, անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը որևէ կերպ չի հիմնավորվել նրանց հիվանդության պատմագրերում՝ բուժող բժիշկների գրառումներով:

Ըստ պաշտպանի, խիստ դատապարտելի է նաև դատական պրակտիկան։

«Դատավորների մոտ ոչ միայն տարակուսանքի տեղիք չեն տալիս հոգեբուժարանների տիպային միջնորդությունները, այլև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում, որպես կանոն, դրվում են հոգեբուժարանների միջնորդությունների տիպային ձևակերպումները՝ առանց հիմնավորող բավարար փաստարկների:

Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվում են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով», – եզրափակում է Պաշտանի գրասենյակը՝ շեշտելով, որ սա նշանակում է, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային, մակերեսային բնույթի են: