Հուլիսի 28-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը, հաղորդել է Հայաստանի ռազմական գերատսեչությունը։
«Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
թարմացում – 15։00․ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ վիրավորների թիվը այժմ 4 է, ոչ թե 3։ Տեղեկությունը հաստատել է նաև պաշտպանության նախարարությունը։
Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Վաղ առավոտյան նա համարվում էր անհետ կորած, ավելի ուշ նրան գտել են ծանր վիրավորված։
«Երեքի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ վիրավոր ունենք, ով ծայրահեղ ծանր վիճակում է, բայց կարծես որոշակի կայունացրեցին այստեղ մեր բժիշկները և տեղափոխեցին Երևան», – ասել է մարզպետը։
Հիշեցնենք՝ ԱՆցյալ գիշեր և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ժամը 08։30-ի դրությամբ՝ հայկական կողմն, ըստ ՊՆ-ի, ունի 3 զոհ և 4 վիրավոր։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է 2 վիրավորի մասին։