Արյունաբանական կենտրոնում առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 120 մլն դրամի վնաս, հաղորդում է Դատախազությունը։
Գլխավոր դատախազությունը՝ ուսումնասիրելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացրած փաստաթղթերը, ձեռք է բերել տվյալներ «Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ընկերությունում ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ։
Չարաշահումները եղել են ընկերության պաշտոնատար անձանց կողմից
Պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, կենտրոնի պաշտոնատար անձինք 45 հիվանդներին բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել, սահմանված չափորոշիչների խախտմամբ՝ 2018-ի ընթացքում չեն կատարել ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը՝ սահմանված գնի 30 տոկոսի չափով, չեն արտացոլել «Անհետաձգելի բուժօգնության ծառայություններ» ծրարով պետպատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները և այլն։
Ըստ հաղորդագրության՝ վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկությունները ներկայացվել են Առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:
«Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն դրամի վնաս», – հայտնում է դատախազությունը՝ նշելով՝ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ, ուղարկվել է Քննչական կոմիտե: