Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բախիկանովին։ Մահվան մասին տեղեկությունը տարածվել է երեկ՝ հուլիսի 29-ին։ Ոստիկանությունը հաստատել է, որ մահվան պատճառը բարձրությունից ընկնելն է եղել։
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխտարլին առաջիններից էր, ով տարածել էր Բախիկանովի մահվան մասին հաղորդագրությունը։ Նախնական հաղորդագրություններում նշվում էր, որ բլոգերը ցած է նետվել իր տան տանիքից, սակայն հետո հաղորդվեց, որ Բախիկանովը «ցած է նետվել» Թբիլիսիի Stamba հյուրանոցի տանիքից։
Հյուրանոցի իրավաբան Կախա Ծերեթելին OC Media-ի հետ զրույցում ասել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե երեկ, այլ հուլիսի 14-ին։ Իրավաբանի հաղորդմամբ՝ Բախիկանովը հուլիսի 14-ին հարցազրույցի է մասնակցել հյուրանոցում և նույն օրն ընդունվել աշխատանքի, ինչից հետո նրա և մի քանի այլ աշխատողների համար տարածքում շրջայց են կազմակերպել։ Բախիկանովն ինչ-որ պահի բարձրացել է հյուրանոցի տանիք։
Կադրերի բաժնի վարիչը և անվտանգության երկու աշխատակից, Ծերեթելիի պնդմամբ, գնացել են Բախիկանովի հետևից, իսկ վերջինս հենց իրենց աչքի առաջ իրերը դրել է գետնին ու ցած նետվել տանիքից՝ առանց որևէ բան ասելու։
Իրավաբանը պնդել է նաև, որ առկա է դեպքի տեսագրությունը, որը փոխանցվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։ Վերջինս դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխտարլին առաջիններից էր, ով տարածել էր Բախիկանովի մահվան մասին հաղորդագրությունը։ Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, ըստ հյուրանոցի իրավաբանի, Բախիկանովը շրջայցի ընթացքում զանգ է ստացել և զայրացած ադրբեջաներեն է խոսել։
Հատկանշական է, որ դեպքը, ըստ իրավաբանի պնդումների, տեղի է ունեցել հուլիսի 14-ին, սակայն հանրայնացվել է միայն երեկ։
Հուսեյն Բախիկանովը քաղաքական ապաստան էր հայցել Վրաստանում և շատ շուտով պետք է ստանար այդ կարգավիճակը։ Բլոգերը մայիսի 7-ին ձերբակալվել էր Բաքվում՝ բողոքի ցույցի մասնակցելու համար և 15 օր անցկացրել բանտում։ Դուրս գալուց հետո Բախիկանովը հայտարարել էր, որ իրեն ոստիկանությունում խոշտանգել են։
Մահից 2 օր առաջ՝ հուլիսի 12-ին, բլոգերը յութուբյան ալիքում հայտարարել էր, որ Թբիլիսիի կենտրոնում հարձակման է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից։
«․․․5 հոգի, ում հետ ես 2-3 օր առաջ եմ ծանոթացել․․․իսկ այսօր այնպես ստացվեց, որ [նրանք] ինձ վիրավորեցին։ Երբ ես փոխադարձ վիրավորանք հասցրի, այդ 4-5 մարդիկ հարձակվեցին ինձ վրա, ծեծեցին․․․Ես չեմ հավատում, որ սա պատահականություն է, քանի որ մի քանի օր է մնացել, որ ստանամ փախստականի ID-քարտս, և սա տեղի ունեցավ․․․Նորից եմ ասում՝ 100%-ով չգիտեմ․ հնարավոր է՝ սա [Ադրբեջանի] կառավարության խաղն է, հնարավոր է և ոչ»,- ասել էր բլոգերը։
Բախիկանովի բարեկամ Աֆթանդիլ Մամմադովը չի բացառել, որ հուլիսի 12-ին բլոգերի վրա հարձակված մարդիկ կարող էին ուղարկված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից, և որ Բախիկանովի մահը վերջիններիս շահերից էր բխում։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի լույս գիշերը Ստումբուլի առափնյա ջրերում գտել էին ադրբեջանցի մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստի՝ անարխիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի դին։ Ստամբուլի ոստիկանությունը նույն օրը հայտարարել է, թե «Մամեդովի հողաթափն ընկել է ծովը, երիտասարդը ջուրն է մտել, որ այն հանի, և խեղդվել» (Մանրամասները՝ այստեղ)։