Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ ձու» ընկերությունները տուգանվել են ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
ՄՊՀ հաղորդագրության համաձայն՝ անցյալ տարվա մարտի 30-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում հաստատվել է, որ հիշյալ ընկերությունները ձվի ապրանքաշուկայում ունեն գերիշխող դիրք։ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում վերջիններս ոչ միայն ուղղակիորեն բարձրացրել են հավի ձվի գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման: Օրինակ՝ զգալիորեն կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց գինն ավելի բարձր է:
Ընկերությունների նշված վարքագիծը հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:
Նշվում է, նաև, որ հարուցված վարչական վարույթը «Լուսակերտ», «Լուսակերտի «էլիտ», «Գնթունիք» և «Վարիանտ գրուպ» ընկերությունների մասով կարճվել է։