«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։
«Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ վերակենդանացման բաժանմունքում են։ 6 երեխայի վիճակը գնահատվում է ծանր․ նրանք թթվածնակախյալ են, և 9 երեխա կայուն ծանր վիճակում է։ 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19», – հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ավելի վաղ ԵՊԲՀ-ից տեղեկացրել էին, որ առավոտյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում քովիդով վարակված նորածին երեխա է մահացել։
Կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» շտամը, ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, այլևս վտանգում է ոչ միայն տարեց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող, այլև՝ երիտասարդ և համեմատաբար առողջ մարդկանց կյանքը։ Թիրախավորված է 30-ից 50 տարեկան ազգաբնակչությունը, կան հոսպիտալացված երեխաներ։
Շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ։ Նախօրեին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ արդեն իսկ «ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են», նրանցից 53-ը գտնվում են թթվածնային կախյալ վիճակում, ունեն թոքաբորբ։