Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը նոյեմբերի 8-ին ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։
Վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում:
Մյուս 2 վիրավորվածների Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտի հիվանդանոց էր տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել էր։ Երեկ Արցախի ԱԱԾ-ը հայտնել էր, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։