Գերեվարվել են Հայաստանի զինված ուժերի 12 զինծառայողներ՝ 7 պայմանագրային, 5 ժամկետային։ Այս մասին քիչ առաջ հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչությունը հաստատել է նաև նոր գերիների մասին տեղեկությունները․ «Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են»։
Հիշեցնենք՝ ժամը 13-ի սահմաններում, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Տեղային մարտերը շարունակվում են։
Հայկական կողմը հաղորդել է զոհերի, վիրավորների և երկու մարտական դիրքի կորստի մասին։ Ըստ հաստատված տեղեկության՝ առվազն 4 վիրավոր կա, «զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։