հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ադրբեջանը հարձակվում է․ ԱԳՆ-ն գործընկերներից հստակ արձագանք է ակնկալում

Ադրբեջանը հարձակվում է․ ԱԳՆ-ն գործընկերներից հստակ արձագանք է ակնկալում

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին ՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, «հստակորեն և հասցեական» արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ:

«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ», – ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Ըստ ԱԳՆ-ի, այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի դեմ այն տարածքներից, որոնք ադրբեջանական կողմին էին անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

«Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը», – ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ժամը 13-ի սահմաններում, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Տեղային մարտերը շարունակվում են։

Հայկական կողմը հաղորդել է զոհերի, վիրավորների և երկու մարտական դիրքի կորստի մասին։ Ըստ հաստատված տեղեկության՝ առվազն 4 վիրավոր կա, « զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։

Բաքուն հայտարարել էր ադրբեջանցի երեք զինծառայողի վիրավորման և հայ զինծառայողների գերեվարման մասին։ Հայկական կողմն այս հաղորդմանը դեռևս չի արձագանքել։