Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են՝ հաղորդել է Պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ժամը 13-ի սահմաններում, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Մարտերը շարունակվում են։ Բաքուն հայտարարել էր ադրբեջանցի երեք զինծառայողի վիրավորման և հայ զինծառայողների գերեվարման մասին։ Հայկական կողմն այս հաղորդմանը դեռևս չի արձագանքել։
Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր առնվազն 4 վիրավորների մասին՝ շեշտելով, որ «հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։