Ութ տարեկան հասակում Տանզանիայում մահացել է սակրավոր առնետ Մագավան, հայտնում է բելգիական «APOPO» կազմակերպությունը (1990 թվականներից սովորեցնում է կենդանիներին հոտոտելով հայտնաբերել ականներ և բացահայտել տուբերկուլյոզի դեպքեր)։
Մագավան պատկանում է գամբիական առնետների տեսակին, որոնց կյանքի տևողությունը 6-8 տարի է։ Նա ծնվել է 2013-ին Տանզանիայում և սովորել է պայթյուցիկներ գտնել՝ հոտոտելով դրանց կազմի մեջ մտնող որոշ քիմիական միացություններ։ Գտնելուց հետո առնետը սկսում է հողը փորել՝ ցույց տալով պայթունավտանգ նյութի տեղը թիմում աշխատող մարդկանց։
2016-ին Մագավային տեղափոխել են Կամբոջա․ այնտեղ 1967-1975 թվականների քաղաքացիական պատերազմից և զինված բախումներից հետո միլիոնավոր ականներ են մնացել։ 2019 թվականի թվյալներով դրանց պայթյունից 11 մարդ զոհվել է, ևս 60-ը՝ վիրավորվել։ Այսօր երկրում շուրջ 6 միլիոն չվնասազերծված ական կա։
Առնետները փոքր քաշ ունեն, որը բավարար չէ ռումբի ակտիվացման համար։ Մագավան կարող էր 20 րոպեում հետազոտել թենիսի դաշտի չափերի տարածք, ինչի վրա մարդը, ըստ «APOPO»-ի մասնագետների, ծախսում է մինչև չորս օր։
2020 թվականին առնետը ստացել է «խիզախության ոսկե մեդալ»։ Անցյալ տարի նա ավարտել է իր աշխատանքը և անցել թոշակի՝ վերադառնալով հայրենիք։ Հնգամյա կարիերայի ընթացքում Մագավան օգնել է գտնել ավելի քան 100 ական և այլ պայթյունավտանգ նյութեր։