Այսօր Վրաստանում Կորոնավիրուսի կլինիկայում բուժվող հիվանդը հարձակվել է բուժքրոջ վրա, հայտնում է Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիան։
«Ներս մտնելով՝ բուժքույրն անմիջապես նկատել է, որ հիվանդն անհանգիստ վիճակում է։ Տվել է նրան թթվածնի դիմակ և ցանկացել չափել արյան մեջ թթվածնի կոնցենտրացիան: Հենց այդ պահին հիվանդը բռնել է նրա կոկորդից և մի քանի անգամ սուր առարկայով հարվածել»,- լրագրողներին է պատմել Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Սալոմե Լիլուան։
Հարձակման պատճառներն անհայտ են։ Լիլուայի խոսքով՝ կորոնավիրուսով տղամարդը մի քանի շաբաթ է ինչ բուժվում էր հիվանդանոցում։ Այդ ընթացքում նա ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել բուժքրոջ և կլինիկայի անձնակազմի հետ, հավելել է նա։
Տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ ողջ օգնությունը։ Վերականգնողական կուրսն ավարտելուց հետո նրա վիճակը գնահատվում է բավարար։
Հարձակվողը ձերբակալվել է. ներկայումս նա գտնվում է թբիլիսյան Գլդանիի բանտում։
Լիլուան ընդգծել է, որ վերջին շրջանում հարձակումները բուժաշխատողների վրա հաճախակիացել են։ Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիան դատապարտում է բռնությունը և պետությանը կոչ է անում ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ հիվանդանոցի աշխատողներին պաշտպանելու համար։