Home / Առողջապահություն / Մարդու ճարպային բջիջները օգնել են մկներին քայլել

Մարդու ճարպային բջիջները օգնել են մկներին քայլել

Իսրայելում գիտնականները մարդկային բջիջներից պատրաստած արհեստական ողնուղեղը պատվաստել են պարալիզացված մկներին, ինչից հետո նրանք սկսել են քայլել։ Ենթադրվում է, որ մարդկանց վրա տրանսպլանտատի կլինիկական փորձարկումները կմեկնարկեն 3 տարի հետո։ Հենաշարժողական սահմանափակումներով տարբեր հիվանդների համար սա կարող է բուժվելու հնարավորություն դառնալ։

Տրանսպլանտատն աճեցնելու համար Թել-Ավիվի համալսարանի գիտնականները ճարպային հյուսվածքի բջիջներ են վերցրել երեք մարդկանցից։ Նրանք առանձնացրել են բջիջներն ու արտաբջջային նյութը․ վերջինից պատրաստել են հատուկ հիդրոգել, որը սեփական բջիջների հանդեպ իմուն պատասխան չի ձևավորում։ Այնուհետև գենային ինժեներիայի միջոցով վերածրագրավորել են բջիջները՝ վերափոխելով դրանք սաղմնային ցողունային բջիջների (մարդու օրգանիզմում ցողունային բջիջները ընդունակ են տարբերակվելու ցանկացած հյուսվածքային տեսակի)։ Ստացված բջջային բաղադրիչը ներմուծել են հիդրոգել և ստեղծել ողնուղեղի սաղմնային զարգացմանը նմանակող պայմաններ: Բջիջները վերածվել են եռաչափ նեյրոնային ցանցի` արհեստական ողնուղեղի: Փորձի մասին նախնական տեղեկությունները հրապարակվել են Advanced Sceince պարբերականում:

Արդյունքները հետևյալն են․ ոչ շատ վաղ պարալիզված մկների 100%-ը փորձից հետո սկսել են քայլել։ Երկարատև անշարժունակության պատմություն ունեցողների մոտ արդյունավետությունը կազմել է 80%: Հետազոտողները պլանավորում են ապագայում կիրառել այս մեթոդը ողնուղեղի տարբեր վնասվածքների պատճառով հաշմանդամ դարձած մարդկանց բուժման համար: Տվյալ դեպքում, ըստ նրանց, հնարավոր կլինի փորձի համար անհրաժեշտ կենսանյութը ստանալ նույն մարդուց` հնարավորինս նվազեցնելով տրանսպլանտատի դեմ իմուն պատասխանը:

Այս մոտեցումը տարբերվում է ներկայում ընդունված բուժման մեթոդներից, որոնք մեծապես հիմնված են ողնուղեղային վնասվածքների վրա անմիջական ներգործության վրա (արդյունավետությունը չնչին է ծավալուն վնասվածքների կամ սպիացումների դեպքում): «Ամբողջ աշխարհում կան միլիոնավոր պարալիզացված մարդիկ: Մենք զարգացնում ենք հյուսվածքային ինժեներիայի վրա հիմնված մոտեցումներ, որոնք թույլ կտան նրանց նորից քայլել», – հուսադրել է հետազոտության համահեղինակներից մեկը:

Դեռևս 2019-ին նույն թիմը ստեղծել է աշխարհի առաջին լիարժեք անոթավորված եռաչափ օրգանը․ գենային ինժեներիայի միջոցով նրանք ամբողջական սիրտ են մոդելավորել: