Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկի պողոտայում, մայիսի 2-ի ուշ երեկոյան սպանել են Հայաստանում հետախուզվող գործարար Հովհաննես Կամարյանին։
Սպանության մասին ավելի վաղ հաղորդել էր Ռուսաստանի քննչական կոմիտեն․ սպանվածի ինքնությունը չէր բացահայտվել, նշվել էր միայն, որ նա 1960 թ․ ծնված մի տղամարդ է։ Իրավապահ մարմիններում РИА Новости պետական լրատվական գործակալության աղբյուրները, սակայն, հայտնել էին, որ զոհը 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանն է, որի նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարված 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանության նախապատրաստում)։
Baza տելեգրամ-ալիքում դեպքի վայրից մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, ինչպես է քիլլերը հետևից մոտենում տղամարդուն և խլացուցիչով ատրճանակից երեք անգամ կրակում նրա ծոծրակին։ Վերջում նա հանում է հեռախոսը, լուսանկարում սպանվածի դին և հեռանում դեպքի վայրից։
Սպանությունը տեղի է ունեցել «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ: Հանցագործության պահին սպանվածի հետ երիտասարդ մի կին է եղել։ Վերջինս հաջողվել է փախչել։
«112»-ը գրել է, որ 2013 թվականին Կամարյանը Հայաստանում մահափորձ է կազմակերպել Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ, ով «Դեդ Հասան» մականունով հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի մտերիմներից էր։ Կամարյանը իբր քիլլերին 500 հազար դոլար և Իսպանիայում առանձնատուն է խոստացել, բայց ոստիկանությանը հաջողվել է կանխել սպանությունը։ Նույն թվականին նա լքել է Հայաստանը։ Baza-ի տվյալներով՝ Կամարյանը Մոսկվայում գործող խորհրդատվական մի ընկերության սեփականատեր էր։ Նրա խոշոր ակտիվների մեծ մասը, սակայն, գրանված են ազգականների անուններով։
Հուլիսի 3-ի առավոտյան Ռուսաստանի ՆԳՆ-ն հաղորդել է կասկածյալի ձերբակալության մասին․ նրա անունը չի նշվում։ Baza-ի տվյալներով, խոսքը Հայաստանի քաղաքացի, 24-ամյա Հայրիկ Երվանդյանի մասին է․ Կամարյանի սպանության գործով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 105 (սպանություն) և 222 (զենքի ապօրինի շրջանառություն) հոդվածներով։