Home / Հայաստան / Երևանում զոհվել է Մանանա Ասլամազյանը

Երևանում զոհվել է Մանանա Ասլամազյանը

Երևանում ավտովրաերթից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։ Նրան վրաերթի ենթարկած «Տեսլա»-ի վարորդը ձերբակալվել է։

Ոստիկանության հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 70-ամյա Մ․Ա․-ին: Կինը մարմնական վնասվածքնով տեղափոխվել է  հիվանդանոց, ժամը 20։20-ին մահացել է՝ գիտակցության չգալով։

Քրեական գործ է հարուցվել ՔՕ 342-րդ հոդվածի 4-րդ մասով։

Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:

Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ էր։ 1993-ից զբաղեցնում էր ամերիկյան «Internews Network» ֆոնդի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրենի պաշտոնը, 1998-ից «Internews International»-ի կառավարման խորհրդի անդամ էր և «Internews Europe»-ի նախագահ։

2000-ից Ռուսաստանի դաշնային մրցակցային հանձնաժողովի անդամ էր՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով (կազմից հեռացվել է 2004-ին)։ 2002-ից Ռուսաստանի Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) փոխնախագահ էր (կազմից հեռացվել է 2007 թվականին)։

2007-ին Ռուսաստանում նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, նույն թվականին «Internews»-ի ռուսական բաժինը դադարեցրել է իր աշխատանքը։ Ասլամազյանը լքել է երկիրը՝ տեղափոխվելով, նախ, Փարիզ, իսկ ավելի ուշ՝ Երևան։ Աշխատել է «Ինտերնյուս Հայաստան»-ում (հետագայում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»)։