Գլխավոր դատախազությունը դատարանին պահանջ է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 19․1 միլիարդ դրամի ապօրինի գույք։
Մասնավորապես՝
— 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն,
— 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ,
— մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,
— 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
— 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,
— Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
— օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:
Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին դատարանը արգելանք էր դրել հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է փաստաթղթեր ներկայացներ։
Հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ միանգամից մի քանի հոդվածներով քրեական գործեր հարուցվեցին, նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։
Նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նույնպես հայտնի է մի շարք քրեական գործերով․ սպանության, ապօրինի զենք պահելու, քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթեր կեղծելով զինծառայությունից խուսափելու համար։ Բոլոր գործերն էլ ընթացք չեն ստացել։ 2013 թվականին Տիգրանը և հոր թիկնապահը կրակել էին և մարզպետի տան դիմաց սպանել Ավետիք Բուդաղյանին։ Սպանությունը վերաձևվել էր որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»․ մեղադրանք էր առաջադրվել ոչ թե կրակողներին, այլ՝ սպանվածի հորն ու եղբորը։