Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը «Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել։
Որոշման հիմք են հանդիսացել մասնավորապես․
— 2021 թվականի հունիսի 14-18-ը «Փեթակում» անցկացված ստուգումները, որոնց արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ Վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը:
— 2022 թվականի օգոստոսի 22-25-ը «Փեթակում» անցկացված հետազոտությունները՝ պարզելու արդյոք վերացվել են անցյալ տարի արձանագրված խախտումները։ Արդյունքում պարզվել է, որ հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։
«Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար», – ասվում է ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարության մեջ։
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու անհատ ձեռներեցները այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջով, որ իրենց թույլ տան մուտք գործել «Փեթակ» ու անցնել աշխատանքի։
Աշխատակիցները պնդում են, որ այն հայտարարությունները, թե նույն անվտանգային խնդիրները ինչ Սուրմալույում են, կան նաև «Փեթակում», իրականությանը չեն համապատասխանում։
«Մեզ ասացին, որ թույլ չեն տալիս մուտք գործել «Փեթակի» տարածք։ Պարզվում է՝ որոշում կա փակելու առևտրի կենտրոնը։ Բայց մեզ ոչ ոք չի պարզաբանում՝ ժամանակավոր բնույթ է կրելու այս որոշումը, թե՞ երկարաժամկետ», – լրագրողների հետ զրույցում ասում է առևտրականներից մեկը։
Աշխատակիցները պահանջում են նաև, որ տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։
«Մենք 15 օր առաջ ժողով ենք արել ու հարց ուղղել տնօրենին, թե արդյոք ճիշտ են այն շշուկները, թե մի օլիգարխ պատրաստվում է տարածքը գնել, նա էլ պատասխանել է, որ ոչ, դա իր տարածքն է ու մտադրություն չունի վաճառելու։ Մեր պահանջն այն է, որ բացեն առևտրի կենտրոնը, ու բոլորս գնանք աշխատելու, օրվա հացի գումար հայթայթելու, առանց այն էլ հիմա առևտուր չկա, մի կերպ ենք գոյատևում», – ասում է վաճառականներից մեկը։
Հիշեցնենք՝ «Փեթակի» աշխատակիցները, 3 օր գործադուլից հետո, բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց նաև սեպտեմբերի 12-ին։ Առևտրականները պահանջում էին երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, որը միակողմանի փակ է «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից հետո։