Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների դաժան սպանության մեջ մեղադրվող 32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում, տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:
Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 9-ի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում՝ իրենց տան ննջասենյակում, հայտնաբերվել են 1991 թվականին ծնված կնոջ և նրա երկու երեխաների՝ 2010 թվականին ծնված դստեր և 2014-ին ծնված որդու դիերը՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները դիմել էին հանրությանը՝ երաշխավորելով «կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը» և խոստանալով «դրամական պարգև»։ Sputnik Արմենիային գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը, ասել է, որ «տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք օգնել են բացահայտել հանցագործությունը»։
Սպանված կնոջ ամուսինը Ռուսաստանում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։