հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է, լրագրողներին ներս չեն թողնում

ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է, լրագրողներին ներս չեն թողնում

Վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ նախկին շենքի տարածք, բռնի ուժով դուրս հանել այնտեղ բնակվող ընտանիքներին, իսկ տղամարդկանց՝ բերման ենթարկել։ «Մենք չենք ներխուժել, ներխուժումն ենք վերացրել․․․», – արդարանում է Ոստիկանությունը։ 

Առավոտյան ժամը 8-ից հարյուրավոր ոստիկաններ ներս են մտել ՊՆ նախկին շենքում ապրող մարդկանց բնակարաններ, ջարդել դռները, շենքից դուրս հանել ծերերին, երեխաներին ու կանանց, իսկ տղամարդկանցից 22 հոգու ձերբակալել՝ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» հոդվածով։ 

Այժմ ներս չեն թողնում մտնել ո՛չ բնակիչներին՝ իրերը վերցնելու նպատակով, ո՛չ էլ լրագրողներին՝ ներսում կատարվողը լուսաբանելու նպատակով՝ պատճառաբանությամբ, որ «կյանքին վտանգ սպառնացող գործողություններ են կատարվում»։

«Ես ինքս հերոսի մայր եմ, Խորեն Հաջաթյանի մայրն եմ, տուն չունեմ, դիմել եմ կառավարությանը, ասում են՝ տեղի գրանցում չունես, քեզ տուն չենք տա: Ես ունեմ Արագածոտնի մարզի գրանցում, բայց այնտեղ չունեմ տուն: Ես տուն չունեմ, եկել, նստել եմ էստեղ: Առավոտյան երեխայիս դասի եմ տանում, գալիս տեսնում եմ էստեղ ահավոր վիճակ է: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը կոտրի իմ դուռը: Ասում են՝ անօրինական եք էստեղ բնակվում, դուրս եկեք, սա պետական շենք է:

Ինձ էսօր տուն չեն տալիս, ես ո՞ւր գնամ: Ամուսնուս վատ վիճակում բերման են ենթարկել, նստած է [ոստիկանական] մեքենայի մեջ: [Ոստիկանին] ասում եմ՝ ամուսնուս թողեք, ինձ ասում է՝ քեզ կանացի պահի: Թող ինքը գնա իր կնոջ մասին մտածի, որ տուն քանդողի կին է:

Ես ասում եմ՝ ներսում ապրանք ունեմ, ասում են՝ հետո կգաս մեր ներկայությամբ ապրանքդ կհանես: Ներսում այս պահին ահավոր վիճակ է: Տղամարդկանց բերման են ենթարկել, որ ուժ չգործադրեն, կանանց, երեխեքին ադյալով փաթաթած հանել են դուրս: 9 ամսական երեխային դուրս են հանել: Ներսում մենք ունենք 3 ամսականից մինչև 12 տարեկան երեխաներ, բոլորը գոռում են, լացում են, դրա համար լրագրողներին չեն թողնում ներս», – պատմում է բնակիչներից մեկը։

Տղամարդկանցից մեկի խոսքերով՝ իրենք փորձում են շենքը վերանորոգել, ոչ ոքից օգնություն չեն խնդրում, միայն թե իրենց թույլ տան շենքում բնակվել, որովհետև գնալու տեղ չունեն։

«Երեխաներիս ճանապարհել եմ դպրոց, մանկապարտեզ, կինս էլ գնացել է, որ տուն բերի, հիմա ասեք` մենք ո՞ւր գնանք։ Անճար մարդիկ ենք, ամեն մեկը 5-6 երեխա ունի», – ասում է նա։

Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք, մեծ մասն անապահով են, կան նաև պատերազմի մասնակիցներ, պայմանագրային զինծառայողներ։ Մի քանի ընտանիք էլ Արցախից է։ Առաջին բնակիչներն այստեղ են հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։

Շենքում չկա ջուր ու գազ, իսկ էլեկտրաէներգիան անջատել են հունվարի 20-ին։ Բնակիչները հունվարի 23-ին փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին՝ պահանջելով միացնել անջատած հոսանքը, բայց ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։

Ոստիկանությունը այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է կառավարության որոշման և ՊԵԿ-ի տրամադրած գրության վրա՝ մի խումբ անձանց ներխուժումը վերացնելու հետ կապված՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։

«Մենք չենք ներխուժել, ներխուժումն ենք վերացրել․․․ Բազմիցս զգուշացված է եղել, որ իրենք ապօրինի են այդ տարածքում գտնվում։ Թույլատրվող ֆիզիկական ուժ է գործադրվել: Մենք գործողությունից առաջ իրազեկել ենք Սոցիալական ծառայությանը, աշխատակիցները հիմա իրենց գործողություններն իրականացնում են» – ասել է Ազիզյանը։

Հիշեցնենք` ՊՆ-ն 2008 թվականին տեղափոխվել է այլ շենք։ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու հեռանկարով։