Home / Բանակ / Ադրբեջանում հայտնված զինծառայողներին հավանաբար առևանգել են

Ադրբեջանում հայտնված զինծառայողներին հավանաբար առևանգել են

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ աշխատում է Ադրբեջանի կողմից հայաստանցի 2 զինծառայողների «ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ մայսիսի 26-ից որոնվող զինծառայողները Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանն են։

Հայաստանի Քննչական կոմիտեին մանրամասնել է․ «ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է»։

Քննչականի նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին:

Հայաստանցի 2 զինծառայողների ձերբակալության մասին ավելի վաղ հաղորդել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։ Բաքուն զինծառայողներին դիվերսանտ էր անվանել։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը այս մեղադրանքը կտրականապես հերքել է․ «Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին»:

Անհետացած 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան հայտնաբերվել է միջդիրքային ճանապարհին․ «Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ», – գրել է ՊՆ-ն:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այժմ հայտարարում է, թե երեկ հայ-ադրբեջանական սահմանին բերման ենթարկված զինծառայողների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն և ապօրինի մաքսանենգություն հոդվածով։