Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ահազանգում է՝ Քննչական կոմիտեի երևանյան վարչության աշխատակիցները, այդ թվում՝ Քննչականի պետ Արգիշտի Քյարամյանը խոշտանգել են իրեն։ Իրավապահները հերքում են։
Քարամյանը կանգնեց ոտքերիս
Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք հունիսի 17-ին մտել են Առաքելյանի առանձնատուն, խուզարկությունը դեռ չսկսած՝ բերման են ենթարկել իրեն։
«Քննչականում իմ նկատմամբ եղավ շատ վատ վերաբերմունք, ինձ պահեցին մոտավորապես 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով` ձեռքերս հետևում, ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքների, ինձ ասել են, որ կնոջդ և երեխայիդ այլևս չես տեսնելու, մեքենան տակը կգցի, ձեր տունը պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ բան կպատահի ընտանիքիդ, որովհետեւ ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը եղել է ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա այդ օրը ինձ հետ հանդիպել է երկու անգամ: Երկու հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանգվել եմ: ․․․Այնպիսի հարվածներ չեն հասցրել, որ կապտուկ առաջացնեն, բայց էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել», – պատմել է Առաքելյանը։
Նախկին ակտիվիստի խոսքով՝ իրեն ձեռնաշղթաներով ուղեկցել են վարչության պետ Ազատ Գևորգյանի կաբինետ․ «Արգիշտի Քյարամյանը այնտեղ էր՝ եկել էր ինձ հանդիպելու։ Ինձ արդեն խոշտանգած վիճակում են մտցրել իրենց մոտ: Այդ ընթացքում շորերս արյունոտվել էին: Այդտեղ էլ եմ խոշտանգվել։ Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գեւորգյանը ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս»։
Առաքելյանը ցույց է տվել արմունկի կապտուկը։ Դատաբժշկի ուղեգիր նա չունի։ «Դեպքից մեկ շաբաթ է անցել, հետքերը մեծամասամբ չեն պահպանվել»։
Թե՞ ինչու են իրեն բերման ենթարկել՝ նա չի ասել․ «Իմ առջև պահանջներ էին դրվում, որոնց մասին հիմա կարևոր է, որ չասվի, բայց անպայման կասվի: Ես արդեն հատուկ նամակով դիմել եմ ԱԱԾ տնօրենին, Նիկոլ Փաշինյանին, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին»:
Տիգրան Առաքլյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ է, ժամանակին մասնակցում էր ՀԱԿ-ի գրեթե բոլոր ակցիաներին։ 2011-ին ձերբակալվել էր քաղաքական ատիվիզմի համար: 2012 թվականի հուլիսին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության մեղադրանքով, 10 ամիս անց համաներմամբ ազատ արձակվել։ 2015-ին նա մեղադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար, մեղադրանքը չի ընդունել։
կալանք տնային
Հունիսի 17-ին Տիգրան Առաքելյանին ձերբակալել են դատարան ներկայացվելու համար՝ մեկնաբանել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա մեղադրյալի կարգավիճակ ունի, անցնում է միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման (258-րդ հոդվածի 2․8 և 2․10 մասով) և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու (46-490-րդ հոդվածի 2-րդ մասով) համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։
Հունվարի 17-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Առաքելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։
Անդրադառնալով նախկին ակտիվիստի հայտարարություններին, թե Քննչականի նախագահն անձամբ խոշտանգել է իրեն, խոսնակը նշել է.
«Անհիմն ու օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում: Դրա համար կա իրավական ընթացակարգ․․․ Եթե անձի նկատմամբ կատարվել է խոշտանգում, նրան ոչինչ չի կաշկանդում այդ ընթացակարգից օգտվել»:
Խոշտանգման մասով հաղորդում չի ստացվել՝ Epress.am-ին ասել են Կոմիտեից։ Հարցին՝ հանցագործության մասին հրապարակային հայտարարությունն արդյո՞ք հաղորդում չի համարվում, Քննչականից ըստ էության չեն պատասխանել և առաջարկել են դիմել այլ գերատեսչություններ։
ՄԻՊ-ի գրություն
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, մինչ այդ, տեղեկացրել են, որ հունիսի 17-ին ահազանգ են ստացել Ձերբակալվածների պահման վայրից։ Իրենց է զանգահարել այնտեղ պահվող Տիգրան Առաքելյանը և պատմել, որ բռնության է ենթարկվել Քննչական կոմիտեում։ Հաղորդմանը ընթացք են տվել։
Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները այցելել են ՁՊՎ, հանդիպել են նրան, արձանագրել բարձրացված հարցերը և առանձին գրություն ուղարկել Գլխավոր դատախազություն։
Նույն օրը ՄԻՊ է զանգահարել նաև մեղադրյալի կինը։ Նա նշել է, որ թե՛ Քննչականում և թե՛ ՁՊՎ-ում իրենց թույլ չեն տվել տեսակցել Տիգրանին։
Գլխավոր դատախազությունն այժմ ուսումնասիրում է ՄԻՊ-ի գրությունը։
թարմացում (18:50) — ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ օմբուդսմենի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
ծիտիկները
Քիչ առաջ Տիգրան Առաքելյանը ուղիղ հեռարձակմամբ դիմել է Քննչական կոմիտեի ղեկավարներին։
«Ծիտիկները ինձ խաբար ուղարկեցին՝ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ քրեական հետապնդումը կարճվի։ Գործա՛րք։ Դրա դիմաց իրենք խնդրում են ինձ, որ շարունակություն չտամ, ինֆորմացիոն լրահոսերում այլևս որևէ բան էս թեմայով չասեմ», – հայտարարել է Առաքելյանը։
«Ծիտիկի» անունը նա չի նշել, բայց հայտարարել է, որ «գործարք բացառվում է», քանի որ Քննչականում «քրֆել են իր մոր դագաղը» և մանկահասակ որդուն։