Երևանի Կոմիտասի պողոտա 54/1-ի բակում հուլիսի 3-ի ուշ երեկոյան հեղուկ գազի արտահոսքից պայթյուն է եղել, ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել պայթած ավտոտնակի 78-ամյա սեփականատեր Հ․Գ․-ն։ Երկու ավտոտնակ է հիմնովին փլուզվել, 9 ավտոմեքենա և բազմաթիվ բնակարանների դռներ ու պատուհաններ են վնասվել։
Գիշերվանից քննչական գործողություններ են ընթանում։ Ըստ իրավապահների նախնական վարկածի՝ քաղաքացին մուտք է գործել իր ավտոտնակ, որտեղ պահվել են հեղուկ գազի բալոններ, վառել է լույսը, ինչից հետո էլ պայթյուն է որոտացել։ Տուժած տղամարդը Այրվածքաբանական ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։
Շենքի բնակիչները ասում են՝ պայթյունից տուժած տղամարդը արհեստավոր է, գազի բալոնի գործ է անում։
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ շրջանառելու, ծառայություններ մատուցելու հոդվածով, այս արարքը 3-ից 6 տարվա ազատազրկմամբ է պատժվում:
Պայթյունի հետևանքով տասնյակ բնակարանների պատուհաններ են ջարդվել, բնակիչների շուշեղենն է վնասվել։ Ավտոմեքենաների մի մասը վերանորոգման ենթակա չէ այլևս։
Բնակիչները հետաքրքվում են՝ ո՞վ է փոխհատուցվելու իրենց վնասները։ Քաղաքային իշխանությունները հայտարարություններ չեն արել։ Մարդիկ քնում են անպատուհան բնակարաններում։
թարմացում (05.07) — «Պայթյունի պատճառները բացահայտելու համար նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն․․․ Վնասի չափերն ու փոխհատուցման եղանակը ևս ճշգրտման փուլում են», – հայտարարել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
«Պետք է իրավական գնահատականներ տրվեն անձանց գործողություններին, տվյալ դեպքում՝ տվյալ ավտոտնակի սեփականատիրոջ գործողություններին, նոր տրված իրավական գնահատականների արդյունքում հասկանալ՝ ինչպիսի լուծում է տրվելու փոխհատուցման խնդրին»։