Home / Հայաստան / Լրագրողն ու փաստաբանը հոսպիտալացվել են․ Կադիրովը զգուշացնում էր

Լրագրողն ու փաստաբանը հոսպիտալացվել են․ Կադիրովը զգուշացնում էր

Չեչնիայում դաժան ծեծի են ենթարկել ռուսական «Նովայա գազետայի» թղթակից, հետաքննող լրագրող Ելենա Միլաշինային և փաստաբան Ալեքսանդր Նեմովին, որոնք Գրոզնի էին ուղևորվում՝ մասնակցելու քաղբանտարկյալ Զարեմա Մուսաևայի գործով դատական վերջին նիստին։

Զարեմա Մուսաևան ակտիվիստ-բլոգերներ Յանգուլբաևների մայրն է, Ռուսաստանի դաշնային դատավոր Սայդի Յանգուլբաևի կինը։ 2022 թվականի հունվարին Չեչնիայի հատուկ ծառայությունները՝ ռուսաստանցի ուժայինների հետ համագործակցությամբ, առևանգել էին նրան Նիժնի Նովգորոդից և ուժով տարել Գրոզնի։ Ռամզան Կադիրովի և նրա թիմակիցների հրապարակային սպառնալիքներից հետո կնոջ նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել։

Քիչ առաջ դատարանը նրան դատապարտել է 5․5 տարվա ազատազրկման՝ ոստիկանին «բռնության ենթարկելու» հոդվածով։

Ալեքսանդր Նեմովը Մուսաևայի փաստաբանն է։ Ելենա Միլաշինան չեչենական պատերազմները և կադիրովյան ամենաթողությունը լուսաբանող հայտնի լրագրող է՝ բազմաթիվ լրագրողական հետաքննությունների հեղինակ։ Նրա գործընկերոջը՝ Աննա Պոլիտկովսկայային, Չեչնիայի բարձագույն իշխանության հրամանով սպանել են 2006 թվականին։ Առ այսօր սպանության պատվիրատուներին ռուսական իրավապահ համակարգը հայտնաբերել «չի կարողանում»։

Դիմակավորված անհայտ անձինք այսօր առավոտյան կանգնեցել են Վլադիկավկազից Գրոզնի ուղևորվող տաքսին, որի մեջ էին գտնվում լրագրողն ու փաստաբանը։

Նրանց ծեծի են ենթարկել, դանակահարել, ոչնչացրել լրագրողական տեխնիկան ու փաստաթղթերը։ Փաստաբանի խոսքով՝ սպառնացել են, որ կգնդակահարեն իրենց, ատրճանակ են պահել գլխներին։ 

Հարձակվողները պահանջել են, որ նրանք հեռանան, դատիn չմասնակցեն և ոչինչ չգրեն։ 

photo_2023-07-04_11-23-41
Միլաշինան՝ Գրոզնիի հիվանդանոցում

Ալեքսանդր Նեմովը ոտքին դանակի հարված է ստացել և բազմաթիվ մարմնական վնասվածնքեր ունի։

Միլաշինան գլխուղեղային տրավմա և բազմաթիվ հեմատոմաներ է ստացել։ Կինը պարբերաբար կորցնում է գիտակցությունը։ Հարձակվողները նրա վրա զելյոնկա են լցրել, կտրել են նրա մազերը, ծեծել են ռետինե մահակներով, ջարդել ձեռքերի մատները [լրացում — Գրոզնիի հիվանդանոցում բժիշկները կոտրվածքներ են ախտորոշել, արդեն Բեսլանում պարզվել է, որ կոտրվածքներ չկան՝ սալջարդեր և հեմատոմաներ են]՝ պահանջելով բացել գաղտաբառով պաշտպանված հեռախոսը։

«Նովայա Գազետայի» պահանջով՝ Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովայի միջամտությունից հետո, տուժածներին տեղափոխել են այլ շրջանի հիվանդանոց։

«Դասական առևանգում էր, ինչպես եղել է նաև նախկինում։ Ուղղակի վաղուց չէր կրկնվել։ Կանգնացրեցին, տաքսիստին դուրս հանեցին, մտան մեր մոտ, գլուխներս սեղմեցին, ձեռքերը կապեցին, ծնկի իջեցրեցին, ատրճանակը դրեցին գլխներիս։ Ամեն ինչ շատ նյարդային էին անում, նույնիսկ ձեռքերը լրիվ կապել չկարողացան», – Գրոզնիի հիվանդանոցում Չեչնիայի ՄԻՊ-ին պատմել է Միլաշինան։

լրացում․ — Ավելի ուշ «Նովայա գազետան» երկու տեսանյութ է հրապարակել, որոնցում Գրոզնիից տարհանված Միլաշինան պատմում է հարձակման մասին՝ ինչպես են իրենց հետպնդել, բռնել, ի՞նչ են արել և ասել և ինչով է կարևոր Զարեմա Մուսաևայի գործը․

Ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը և «Էխո Մոսկվի»-ի նախկին խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հատուկ չվերթով ժամանել են Բեսլան՝ Միլաշինային և Նեմովին Մոսկվա տեղափոխելու համար։