Առավոտյան Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցները գրում էին, որ մինչ այդ պայթյունի ձայն է լսվել։
Մեկ հոգի մահացել է, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց՝ հաղորդել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Տուժածների շրջանում ուսանողներ չկա՛ն:
Սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը, գտնվում է մասնաշենքի նկուղային հարկում, այն նախատեսված էր պոմպակայանի համար, ծառայում էր նաև որպես աշխատակիցների հանդերձարան։
Աշխատակիցներից մեկը տեղում զոհվել է, երկուսը հոսպիտալացվել են։ Երեքն էլ կանաչապատման բաժնի աշխատակիցներ են։ Առողջապահության նախարարության տվյալներով, վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուսի վիճակը միջին ծանրության է։
Ըստ ՆԳՆ-ի, ԵՊՀ 1-ին մասնաշենքից հիվանդանոց է տեղափոխվել նաև պարեկային ծառայության աշխատակիցը։ Նա ծխահարվել է։
Հրդեհի բռնկումը, ըստ նախնական բարկածի, տեղի է ունեցել հոսանքի տատանման պատճառով՝ ասել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
«Հրդեհը մարվել է ժամը 10։23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր», – գրել է ՆԳՆ-ն։