«Մալաթիա» տոնավաճառը որոշել են այսօրվանից փակել։ Տեսչական մարմինը հայտարարում է, թե հակահրդեհային կանոնների խախտման հիմքով կասեցնել է շուկայի աշխատանքը։
Հարյուրավոր մարդիկ զրկվելու են ապրուստի միակ միջոցից։ Տոնավաճառի աշխատողները առավոտից բողոքի ցույց են անում։ Մարդիկ հարց են տալիս՝ եթե ստուգումները խստացվել են «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի պատճառով, ինչո՞ւ է «Սուրմալուն» դեռ գործում, ինչո՞ւ են նրանց հնարավորություն տվել խախտումները վերացնել աշխատանքին զուգահեռ, իսկ իրենց միանգամից փակում են։
Ցույցի մասնակիցներից տասին հրավիրեցին շուկայի սեփականատիրոջ և տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը։ Վաճառականները հույս ունեն, որ տեսչականի որոշումը կվերանայվի։
«վերևում Աստված կա՝ ընկել ենք թիրախի տակ»
«Հրդեհը ընդամենը պատրվակ ա, ազիզ ջան։ Երեք օր է, ինչ ասում եմ՝ վերևում Աստված կա, մենք ընկել ենք թիրախի տակ», – ասում է տոնավաճառում 15 տարի աշխատող կինը։
Կողքին կանգնած տղամարդիկ պատմում են, որ «Մալաթիայում» տեսուչները ընդամենը 17 խախտում են հայտնաբերել, որից 10-12-ն արդեն վերացվել է։ Համեմատում են «Սուրմալուի» հետ՝ այնտեղ մոտ 60 խախտում էր հայտնաբերվել, և նույնիսկ պայթյունից հետո այդ խախտումներից որոշները վերացված չեն։
Բանվորներից մեկը վստահեցնում է՝ տնօրինությունը մնացած բացերն էլ կշտկի, եթե թողնեն զուգահեռ աշխատել։ Արդեն խոստացել են։
«պարոն վարչապետ, բայց մենք ձեզ ընտրել ենք»
«Էստեղ 700-800 տնտեսություն, անձ կա։ Ես 30 տարի աշխատում եմ այս շուկայում․․․ Բոլորս պարտքերի տակ ենք, տոկոսների տակ ենք, ունենք ուսանողներ, ունենք հիվանդներ, ընտանիք։ Բոլորիս պահում է այս շուկան։ Մենք ունենք մեր մշտական հաճախորդները՝ բոլորը չէ, որ ի վիճակի են խանութներից ապրանք առնել։ Մենք ժողովրդին պետք ենք։ Հիմա մենք ընկել ենք տուպիկի մեջ», – ասում է «Ռաֆայել-Տաթև» տաղավարի սեփականատեր Գեղեցիկ Սաքյանը։
Կինը դիմում է Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն վարչապետ, մենք ձեզ ընտրել ենք, հիմա եկեք սրա պատասխանը տվեք։ Որևէ մեկդ՝ Մարուքյան կլինեք, Բաբաջանյան կլինեք, պարոն վարչապետ կլինեք, եկեք ստեղ։ Դուք երբ որ նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդն իմ թիկունքում ա։ Հիմա էլ եկեք դուք կանգնեք մեր թիկունքում»։
Տեսչական մարմինը հայտարարում է, թե «Սուրմալուի» պայթյունից հետո խստացրել են ստուգումները։ Տեսուչների խոսքով՝ «Մալաթիայի» տարածքում ծխահեռացման համակարգ ու կրակն ավտոմատ մարող ջրաշիթեր չկան, առևտրի կենտրոնում կան դյուրավառ նյութերով փակ հատվածներ, հրդեհի առաջացման դեպքում ցուցադրված կրակմարիչներով կրակը չեզոքացնել հնարավոր չէ։ Ասում են՝ խախտումները ամբողջությամբ վերացնելու համար տոնավաճառին մեկ տարուց ավել ժամանակ էր տրամադրվել։
Տոնավաճառի տնօրինությունը, մինչ այդ, պնդում է, որ խախտումների մեծ մասը անցած մեկ տարվա ընթացքում վերացվել է․ հրավառ նյութեր տարածքում չունեն, հրշեջ մեքենայի համար ճանապարհն ազատել են, ջրի կայան ունեն, մի քանի հարյուր կրակմարիչներ են տեղադրել շուկայում, ծխի դեպքում անվտանգության ազդանշանը կմիանա, մնացածն էլ ընթացքում կարվի՝ ինչպես արվում է, օրինակ, «Սուրմալուում»։ Մի քանի բան է մնացել՝ ասում է սեփականատերը, դրանք ավելի ծախսատար են և ժամանակատար․ այս աշխատանքները ի մի բերելու համար նվազագույնը 3 ամիս ժամանակ է պահանջվելու։
«ստեղից մուրացկաններ էլ դուրս կգան»
Բանվորներից մեկը բողոքում է՝ եթե շուկան փակեն, ինքը մնալու է հիվանդության թոշակի հույսին․ «Ես ծնող եմ կորցրել, իմ ծնողի գերեզմանը պետք ա սարքվի։ Հիմա սենց՝ յարմըրկեն փակելով, իմ ծնողի գերեզմանի փողը մեկը տալո՞ւ ա, որ ես գերեզմանը շինեմ ու հանգիստ լինեմ։ Ես ստեղ բանվոր եմ աշխատում, որ մի երկու կոպեկ փող աշխատեմ։ Թոշակ եմ ստանում՝ կոմունալն էլ չի հերիքում։ 31 600 դրամով ի՞նչ կարաս անես»։
Կանայք երեխաներին ի՞նչ պետք է ասեն՝ հարցնում է վաճառողուհին․ «Ասեն՝ աշխատանք չունեմ, բալիկ ջան, առ՝ էս կոշիկը կե՞ր»։
«Սենց որ շարունակվի, ստեղից մուրացկաններ էլ դուրս կգան, – նշում է բողոքին միացած տնտեսվարողը։ – Էստեղից 4-5 հազար մարդ հաց ա ուտում։ Էտ մարդկանց կերակրել ա պետք։ Սա էն բիզնեսը չի, որ որևէ մեկը տունը պաչկեքով փող լցի։ Ստեղ օրվա առածը նույն օրվա կերածն ա եղել։ Պետք ա մի քիչ ժողովրդին հասկանալ»։
Ինչ-որ պահի աշխատակիցներից 10-ին առաջարկեցին միանալ տոնավաճառի սեփականատիրոջ և տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը։
Հանդիպումից հետո աշխատակիցներից մեկն ասաց, որ պարզվել է՝ տեսչական մարմնի ղեկավարին սխալ զեկուցել են, թե ոչ մի բան արված չի. «Հետո եկել են, տեսել են, որ մեկ տարվա ընթացքում բավականին բաներ կատարված են, 80 տոկոսն արված է: Հիմա գնում ենք տեսչական մարմին»: