Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ՝ «առաքյալ» Հովիկ Աբովյանի հետ։ Պետությանը կփոխանցվի 1.5 միլիոն դոլար:
2021-ի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետին մեղադրանք էր առաջադրվել «հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու» հոդվածով:
Հովիկ Աբովյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի գույքի (տներ, բնակարաններ, մեքենաներ, չեխական բաժնետոմսեր․․․) առնչությամբ 2023-ի տարեսկզբին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել բռնագանձման հայցադիմում:
Անցյալ ամիս նախկին մարզպետը դիմել էր Դատախազություն՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու առաջարկով, և պատրաստակամություն հայտնել Հայաստանի սեփականությանը փոխանցել 608 մլն 634 հազար դրամ՝ բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:
Դիմումի հիման վրա Գլխավոր դատախազության և Հովիկ Աբովյանի, նրան փոխկապակցված անձանց միջև այսօր կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։
Հովիկ Աբովյանը հայտնի է Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիքը» կրկնօրինակող սրբապատկերով, որում առաքյալներից մեկը պատկերվել էր իր դիմագծերով։ Եկեղեցին կառուցվել էր նախկին մարզպետի և «նրա ընկերների» փողերով՝ մոտ մեկ միլիոն դոլար։ Սրբապատկերի հեղինակ՝ նկարիչ Անդրանիկ Անտոնյանը պնդում էր, որ մարզպետը արժանի է առաքյալների շորքում լինելուն։ Աղմուկից հետո սրբապատկերը փոխվել է, մարզպետի պատկերը ռետուշի են ենթարկել։
Աբովյանը՝ ետին պլանում, ձախից երկրորդը