Home / Դատարան / Նախկին նախարարը կարող է համալրել «Սիներջիի» գործով կալանավորվածների ցանկը

Նախկին նախարարը կարող է համալրել «Սիներջիի» գործով կալանավորվածների ցանկը

փետրվարի 16 (թարմացում) — Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս տնային կալանքի տակ կմնա․ դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 16-ի առավոտյան։ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործում Քերոբյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում, ասում է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արային Հարությունյանը իրեն առաջարկել է ազատման դիմում գրել, ինքն էլ համաձայնել է։

փետրվարի 15 — Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Արդեն նախկին նախարարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում եմ՝ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են», – նշել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նախկին նախարարին մեղադրում են ՔՕ 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քերոբյանին այսօր հարցաքննության էին կանչել Քննչական կոմիտե։ Ըստ փաստաբանի, նա անցնում է «Սիներջիի» գործով:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտարարել էին՝ քրգործը վերաբերում է «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» պետական մրցույթին, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեև, ըստ Քննչականի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջիին»։ Նախաքննությունը հայտարարել է, թե պետությանը պատճառվել է խոշոր վնաս։

տե՛ս 238 մլն-ի վատնում և այլն․ փոխնախարարի ձերբակալության պաշտոնական վարկածը

«Սիներջիից» հերքել էին՝ խոսքը «տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի» մասին է, որից հետո որևէ պայմանագիր չի կնքվել, որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։

տե՛ս Ազատ են արձակել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը

Գործով կալանավորել, մոտ 10 օր անց՝ ազատ էին արձակել «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին ու «Սիներջիի» ներկա աշխատակից Լիլի Մկրյանին։ Կալանավորել էին նաև ընկերության հիմնադիր Աշոտ Հավհաննիսյանին և նախարարության բարձրաստիճան 4 պաշտոնյաների։ Էկոնոմիկայի նախարարության ներկա ու նախկին աշխատակիցները տնային կալանքի տակ են։ Ձերբակալվածների շարքում էր նաև էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։

տե՛ս Ձերբակալված փոխնախարարը վերջերս խնդրահարույց ֆոնդի նախագահ էր նշանակվել

Քննչական կոմիտեն գործի վերաբերյալ այսօր նոր, ավելի ծավալուն հաղորդագրություն է տարածել, որում մեղադրյալների թիվը 7-ից դարձել է 8, որոնցից 5-ը նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: ՔԿ նոր հաղորդագրությունում խոսվում է նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի (ենթադրաբար՝ հենց նախարար Քերոբյանի) մասին, որը «նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո […] իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400 միլիոն ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»:

Վահան Քերոբյանը երեկ է պաշտոնանկ արվել։ Նախարարը հայտնել է, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։ Մինչ այդ նախարարը հրապարակավ դժգոհել էր իրավապահների գործողություններից՝ «չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում»։